«Անհետացող հիշողություններ»` ըստ Հայկ Բիանջյանի
Վաղը` սեպտեմբերի 29-ին, Գյումրիի «Ասպարեզ» ակումբում տեղի է ունենալու լուսանկարիչ Հայկ Բիանջյանի «Անհետացող հիշողություններ» խորագիրը կրող դոկումենտալ ֆոտոնախագծի ցուցադրությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լուսանկարիչը:
«Ցուցահանդեսին ներկայացվելու են վերջին տասը տարում Երևանի կենտրոնում մեծ շինարարական նախագծերի իրականացման ժամանակ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և հին թաղամասերում ապրող բազմաթիվ ընտանիքների սեփականության իրավունքների ոտնահարման խնդիրներին վերաբերվող ֆոտոպատմությունները: Կցուցադրվեն նաև Գյուրիի արխիվային կադրերը: Ցուցահանդեսին կներկայացվի նաև մի ֆիլմ, որը ևս «Անհետացող հիշողություններ» նախագծի մի մասն է կազմում»,- ասաց Հայկ Բիանջյանը:
Նրա խոսքով` Գյումրիում տեղի ունենալիք ցուցահանդեսը հիմնականում տեղի երիտասարդությանն է ուղղված, որպեսզի «նրանք գան և տեսնեն ինչ է կատարվում Երևանում ու եթե իրենց մոտ էլ փորձեն նման նախագծեր իրականացնել, նրանք տեր կանգնեն իրենց մշակութային ժառանգությանը»:
Նախագիծը հովանավորվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից:
Հավելենք, որ նախատեսված է այս ցուցահանդեսը ներկայացնել պատմական շերտ ունեցող այլ քաղաքներում ևս: Նախնական տարբերակով որոշվել է ցուցադրություններ կազմակերպել նաև Գորիս և Դիլիջան քաղաքներում: