Բաժիններ՝

Վերջին երկու տարում ՄԱԿ ԱԽ-ն առաջին անգամ բանաձև ընդունեց Սիրիայի վերաբերյալ

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` ՄԱԿ ԱԽ-ը երկշաբաթյա լարված բանակցություններից հետո անցած գիշեր հավանության է արժանացրել Սիրիային առնչվող բանաձևը, որն աջակցություն է հայտնում այդ երկրի քիմիական զենքի պաշարների վնասազերծման ու վերացման պլանին:

Փաստաթուղթը դարձավ վերջին երկու տարում Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ում ընդունված առաջին բանաձևը: Ընդ որում, այս բանաձևն ընդունվեց միաձայն, մինչդեռ նախորդ բանաձևերի վրա ՄԱԿ ԱԽ-ում շարունակ վետո է դրվել (Ռուսաստանի ու Չինաստանի կողմից): Ներկայումս համաձայնեցված է նաև Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման գրաֆիկը:

ՄԱԿ ԱԽ-ը սպառնացել է կոշտ միջոցներով` պայմանավորվածությունների խախտման դեպքում, սակայն ընդգծել է, որ ուժի կիրառումը պետք է արտոնվի առանձին: Փաստաթուղթը դատապարտում է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, սակայն դրա մեղքը չի բարդում հակամարտող կողմերից և ոչ մեկի վրա:

ՄԱԿ ԱԽ-ն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ Սիրիայում հակամարտող կողմերից ոչ մեկն էլ չպետք է կիրառի, մշակի, արտադրի, ձեռք բերի, կուտակի, պահպանի կամ փոխանցի քիմիական զենք:

Փաստաթղթում ընդգծվում է, որ մյուս երկրները պետք է հրաժարվեն ամեն տիպի օգնություն ցուցաբերելուց ոչ պաշտոնական այն օբյեկտներին, որոնք փորձում են գնել, արտադրել, փոխադրել, փոխանցել, օգտագործել միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենք ու դրա փոխադրման միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս