
Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոուհանիի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, ինչն ամերիկյան լրատվամիջոցները որակել են որպես անակնկալ:
Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի խնդրին` կարևորելով դրա շուրջ պայմանավորվածության հասնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու շարունակումը, և իրենց առջև ծառացած խնդիրների կարգավորումը:
Օբաման հիշեցրել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի կողմից միջուկային զենք ստեղծելն արգելող ֆեթվայի արձակման մասին: Օբաման ճանաչել է խաղաղ նպատակով միջուկային ծրագիր ունենալու Իրանի ժողովրդի իրավունքը:
Նշվում է, որ այդ հեռախոսազրույցը ԱՄՆ-ի ու Իրանի առաջնորդների միջև առաջին ուղիղ շփումն է 1979 թվականից ի վեր, երբ Իրանում իրականացվեց իսլամական հեղափախություն: Հեռախոսազրույցի մանրամասներին իրազեկ ամերիկացի չինովնիկները լրագրողներին հայտնել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ժամը 14.30-ին և տևել է մոտ 15 րոպե: