
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը նախօրեին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ:
Հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ իրենց երկրները հավատարիմ են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելուն` հենված ուժի չկիրառման ու հավասարության վրա:
Նրանք հիշեցրել են այս տարվա հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների նախագահների հայտարարության մասին, որում կողմերին կոչ էր արվում հրաժարվել յուրաքանչյուր գործողությունից կամ հռետորիկայից, որը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել հակամարտության էսկալացիային:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են իրենց վճռականությունը համանախագահների հետ աշխատանքը շարունակելու հարցում` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան` քննարկելու համար երկու երկրների նախագահների հետ այս տարի պլանավորված բարձր մակարդակի հանդիպումը: