
Տրակտորի վարորդը տեղափոխվել է քննչական բաժին

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10-ի սահմաններում Գյումրու բնակիչ Լեռնիկ Լյովայի Հեքիմյանը, ով աշխատում է«Դորոժնիկ»ՍՊԸ-ում որպես մեխանիզատոր, Երևանյան խճուղու նրբանցքի փողոցներից մեկում նույն ընկերության տրանսպորտամիջոցը շահագործելիս, խախտելով երթևեկության կանոնները վրաերթի էր ենթարկել Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ 1986թ. ծնված Վաղարշակ Նորիկի Մեսրոպյանին:
Երիտասարդը տեղում մահացել էր:
tsayg.am-ի փոխանցմամբ՝ փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական Օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի եւ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Իսկ շոկային վիճակում հայտնված տրակտորի վարորդ Լեռնիկ Հեքիմյանը, ով կատարվածից անմիջապես հետո շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, գտնվում էր ընդունարանի վերակենդանացման բաժանմունքում. գրանցվել էր իրավիճակային սթրես և ցուցաբերվում էր համապատասխան բուժօգնություն՝ արդեն դուրս է գրվել և գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում: