
Թուրքական արտադրության երկրորդ կորվետն այսօր կհանձնվի երկրի ռազմածովային ուժերին

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ MILGEM (Ազգային նավ) նախագծի շրջանակներում արտադրված երկրորդ ռազմանավն այսօր կհանձնվի Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարությանը: Büyükada կորվետն այսօր ջուրը կիջեցվի Ստամբուլում:
1993 թվականին առաջ քաշված MILGEM նախագծի իրագործմանը մեկնարկ է տրվել միայն 2004 թվականի մայիսի 14-ին: Դրա շրջանակներում արտադրված առաջին ռազմանավն անվանվել է Heybeliada (երկու նավն էլ անվանվել են Ստամբուլի ափերի մոտ ընկած կղզիների անուններով):
Երեկ անցկացվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը, որում չեղյալ է հայտարարվել MILGEM նախագծի շուրջ մրցույթի արդյունքները, որոնցով հաղթել էր Koç խմբին պատկանող RMK Marine ընկերությունը: Նախագծի իրագործումն իրականացնելու են Թուրքիայի զինված ուժերը: