«Եթե 2008 թ. մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի փոխարեն լիներ այլ տրամադրության մարդ…»

«Դա մի օրվա մեջ չի լինելու. բարդ աշխատանք է, մենք ուզում ենք պետություն ստեղծել»,- այսօրվա ասուլիսում ասաց Սարդարապատ շարժման համակարգող և Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության անդամ Ժիրայր Սէֆիլյանը, երբ նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք չպե՞տք է Նախախորհրդարանը մինչև այժմ արդեն ստացած լիներ ժողովրդի վստահությունը:

Ժիրայր Սէֆիլյանի խոսքով` իրենց նպատակը ոչ թե պարզապես գործող իշխանությանը հեռացնելը, այլև նախևառաջ պետության զարգացման հետագա ծրագիրը կազմելն է:

«Ժողովրդի «ընդդեմ» կիրքն օգտագործելով` հանգիստ կարելի է քշել սրանց: Այսինքն, եթե 2008 թ. մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի փոխարեն լիներ այլ տրամադրության մարդ, այնպիսի տրամադրության, որը գերիշխում էր ժողովրդի մեջ, սրանց կքշեին, հանգիստ կարելի էր քշել, և նրանք չէին դիմանա ժողովրդի ճնշմանը»,- կարծիք հայտնեց Սէֆիլյանը:

«Սակայն ի՞նչ ենք մենք ուզում, միայն սրանց քշե՞լ, թե՞ պետություն ստեղծել: Մեր դանդաղկոտությունը հենց սրա մեջ է: Մենք այսօրվանից ուզում ենք ծնել «ինչը ինչով փոխելը», հետո նոր գնալ փոփոխության: Եթե ոչ, վստահեցնում եմ` նույնը կկրկնվի. նորից տականքը կգա ու սողոսկելով կհայտնվի ղեկին, ինչպես եղավ 88-ի շարժումից հետո: Այո´, բոլորն էլ հիշում են` սկզբում «Ղարաբաղ» կոմիտեի տղաների մեջ ոչ ազնիվները չէին գերակշռում, ազնիվներն էին գերակշռում: Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետո: Քանի որ այդ խումբը չուներ անկախ պետություն ստեղծելու ծրագիր, մենք հասանք այս օրին: Այսօր մենք նախօրոք պիտի ունենանք այդ ծրագիրը, և ոչ միայն ծրագիրը` որպես թուղթ, այլ նաև այն կյանքի կոչելու որոշակի քանակի մարդկանց թիվ…Այո´, բնականաբար, աշխարհաքաղաքական ուժերը ձեռնտու չի լինելու մեր նման ինքնուրույն ուժի ի հայտ գալը և վերջում երկրի ղեկն իր ձեռքը վերցնելը, սակայն վստահեցնում եմ ձեզ` կգա ժամանակը, և այդ աշխարհաքաղաքական ուժերը կգան և մեր հետ կնստեն սեղանի շուրջ, չկասկածեք, որովհետև մեզ հաջողվելու է հենք ունենալ մեր ժողովրդի մեջ»,- ավելացրեց Ժիրայր Սէֆիլյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս