Ժ. Սէֆիլյան. «Ականատես եղա մի խայտառակ փաստի, որ ազատամարտիկները հանդիպում են հայտնի օլիգարխիայի ներկայացուցչի հետ» (տեսանյութ)

Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակում պետք է անցկացներ հերթական հանրահավաքը, սակայն այն հետաձգվել է: Փոխարենը Նախախորհրդարանի ներկայացուցիչներն այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս, որտեղ պարզբանեցին հանրահավաքի հետաձգման պատճառը: Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ հանրահավաքներն իրենց համար ինքնանպատակ չեն, դրանք հիմնականում հետապնդել են կազմակերչպական նպատակ, սակայն հիմա հարմար են գտնում այլ մեխանիզմներ որդեգրել` աջակիցներին կազմակերպելու և տեղյակ պահելու համար:

«Այս հանրահավաքային խառնիճաղանջը, որ ստեղծվել է մեր ժողովրդի համար, անորոշություն է. տարբեր խմբեր, տարբեր շրջանակներ բարձրանում են բեմ և նույն բանն են ասում: Այս անորոշությունից խուսափելու և հնարավորինս հստակություն մտցնելու նպատակով մենք առայժմ կդադարեցնենք հանրահավաքային տակտիկան»,- ասաց Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժ. Սէֆիլյանը և միաժամանակ իր խոսքն ուղղեց «գործող քաղաքական դաշտի տրամաբանության ներսում գործող ուժերին»:

«Իմ հորդորն է նրանց, որ օր առաջ դուրս գան այդ տրամաբանությունից, որովհետև այնտեղ որևէ լուծում չի լինելու: Այս 20 տարիների ընթացքում մենք ունեցել ենք ընդդիմություն, որը միշտ փորձել է այդ մարտավարությունը կիրառել, և արդյունքը եղել է զրո: Այսօր նույն փորձը շարունակվում է. օգտագործվում է ազատամարտիկների ձևաչափը: Քանի որ ուրիշ ոչ մի այլ հեղինակավոր քաղաքական ուժ չի մնացել մեր երկրում, ստիպված են փնտրել և գտնել այլ հեղինակային շրջանակ, հանգել են նրան, որ ազատամարտիկների խոսքը տակավին մեր ժողովրդի մոտ ընկալելի է, ուստի` «օգտագործենք այս տղաներին»: Այնտեղ կան ազնիվ տղաներ, որոնց հետ ես միշտ կապի մեջ եմ եղել և այս նույն խոսքերն իրենց եմ ասել, հիմա էլ եմ կրկնում` դուրս եկեք այդ ճահճից,- հայտարարեց արցախյան ազատամարտի մասնակից Ժիրայր Սէֆիլյանը,- Ես երկու օր առաջ ականատես եմ եղել մի խայտառակ փաստի, որ ազատամարտիկները հանդիպում են հայտնի օլիգարխիայի ներկայացուցչի հետ (նկատի ունի Գագիկ Ծառուկյանին, տեսանյութը` ներքևում,- Ա.Ս.) և փնտրում են գործակցության եզրեր` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Սա անհեթեթություն է, սա զավեշտ է: Ինչպե՞ս կարելի է գործակցել այն ուժերի հետ, որոնք, ըստ էության, մասնակից են մեր երկրի կեղեքմանը, մասնակից են եղել մեր ժողովրդի նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն: Մենք ոչինչ չենք մոռացել»:

Մենք փորձեցինք ճշտել, թե արդյոք Ժիրայր Սէֆիլյանը գտնում է, թե մի խումբ ազատամարտիկների շարժումը և նստացույցն ուղղորդվո՞ւմ է գործող իշխանության կողմից:

Կարդացեք նաև

Սէֆիլյանը պատասխանեց, թե այդպիսի փորձեր են կատարվում ոչ միայն իշխանության, այլ նաև այն քաղաքական կամ ընդդիմադիր ուժերի կողմից, որոնք վերջին 20 տարիների ընթացքում, իր խոսքերով, կիրառել են վերոնշյալ անարդյունավետ մարտավարությունը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը կարծում է, որ  իշխանությունները նմանատիպ «ուղղորդվող» անձանց ներդրել է  ինչպես ազատամարտիկների, այնպես էլ այլ քաղաքացիական նախաձեռնությունների շարքերի մեջ:

«Հիմա նույնպես արդյունքը լինելու է զրո: Ուստի իմ հորդորն է եղել` գոնե այն ազատամարտիկները, ովքեր իրավունք ունեն կոչվելու ազատամարտիկ….որովհետև ոչ բոլորն ունեն այդպիսի իրավունք: Այսօր մեր երկրում ամեն ինչ խառնված է: Ես այդ մարդկանց հետ կապի մեջ եմ եղել, այսօր էլ կապի մեջ եմ: Ես հրապարակային եմ ասում իմ հորդորը և առանձին հանդիպումների ժամանակ ևս, որ եկել է ժամանակը, որ այն մարդիկ, ովքեր կարողացել են իրենց հնարավորինս ազնիվ պահել, այսպես ասած, համեմատաբար մաքուր մնալ, իմանան իրենց գինը և արժեքը, իրենք իրավունք չունեն մսխել ազատամարտիկի իմիջը, որն այսօր այդքան անհրաժեշտ է ժողովրդի համար: Ժողովուրդը կգնա միայն և միայն հնարավորինս մաքուր, ազնիվ մարդկանց խմբի ետևից: Այնտեղ կան մի քանի մարդիկ, ում պետք է փորձեմ փրկել այդ ճահճից»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս