«Շուտով բան կանենք». Արմեն Մովսիսյան
Լեռնային Ղարաբաղի քարածխի փորձարկումները Երևանի ՋԷԿ-ի հին էներգոբլոկում պետք է ավարտվեին այս տարի ապրիլին: Մինչ օրս քարածխի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը ՋԷԿ-ում չի գործարկվել:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանին հարցրին, թե ի՞նչ եղավ նոր տեխնոլոգիայով արտադրությունը:
«Շուտով բան կանենք»,- քայլելով նետեց նախարարը և արագ հեռացավ՝ առանց հստակեցնելու, թե ի՞նչ «բան» կանեն:
Դեռ անցած տարի կառավարության որոշմամբ «ՀԱՍԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մարտի 25-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2015 թ. մարտի 25-ը։ Ընկերությունը «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տարածքում պետք է կառուցեր մոտ 3 հազար քմ մակերեսով գործարան` ջուր ածխային վառելիք արտադրելու նպատակով և տարեկան արտադրեր մոտ 0.91 մլն տոննա վառելիք, ստեղծել առնվազն 45 նոր աշխատատեղ։ Լեռնային Ղարաբաղի Մաղավուզ հանքավայրից քարածխի առաջին խմբաքանակն անցած տարի արդեն հասել էր «Երևան ՋԷԿ»։ Ջերմաէլեկտրակայանում տեղադրվել էին աղացներ, որոնք պետք է մամլեն ածուխը՝ այն վերածելով փոշու։