Զարուհի Փոստանջյանն ահազանգում է. «Ռուս սահմանապահները վերցրել են ու կոտրել են մեր տեսախցիկը»

Քիչ առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 168.am-ին ահազանգեց, որ Սյունիքում իրենց քարոզարշավի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը այս ընտրարշավում Սյունիքի մարզի պատասխանատուն է «Ժառանգություն» կուսակցությունից:

Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Մեղրիում ռուս սահմանապահները խոչընդոտել են իրենց քարոզարշավը: Պատգամավորը վրդովված պատմում էր, որ սահմանապահները անհասկանալի կերպով ստուգումներ են իրականացնում, որի ընթացքում իրենց մոտ եղած տեսախցիկը վերցրել ու կոտրել են: Պատգամավորի խոսքով` տեղի ունեցածը անօրինական է և նվաստացուցիչ: Այս պահին Զ. Փոստանջյանը թիմակիցների հետ գտնվում է Երևան-Մեղրի ավտոճանապարհին և ոչ մի կերպ չեն կարողանում այնտեղից դուրս գալ:

Ի դեպ, հեռախոսազրույցի ընթացքում լսվում էր, թե ինչպես են ռուս սահմանապահները Զ. Փոստանջյանին դիմում՝ «դևուշկա»-ով: Զ. Փոստանջյանն այնքան վրդովված էր ու իրավիճակն այնքան լարված էր, որ լրացուցիչ տեղեկատվություն մեզ չհաջողվեց ստանալ` հատկապես, թե ռուս սահմանապահներն ի՞նչ են անում Մեղրի-Երևան ավտոճանապարհին: Նա միայն ասաց, որ միջադեպի մասին տեղյակ է պահել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս պահին Զարուհի Փոստանջյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար պայքարում են երկու թեկնածուներ` ՀՀԿ-ից Արմեն Կարապետյանը և «Ժառանգություն»-ից Սամվել Հայրապետյանը:

Կարդացեք նաև

Միջադեպի մասին այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս