«Երևանը մեր քաղաքն է, «Սիթի» չէ». Ակցիա «Փակ շուկայի» համար (տեսանյութ, լուսանկարներ)
«Ազատենք հուշարձանն օլիգարխներից» շարժման անդամներ այսօր պիկետ անցկացրին Մատենադարանի շենքի մոտ, քանի որ Մատենադարանում այսօր պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով գիտաժողով էր, և պիկետի մասնակիցները ցանկանում էին նրանց ուշադրությունը հրավիրել «Փակ շուկայում» իրականացվող շինարարության վրա:
«Այնտեղ այսօր հավաքված են մեր երկրում ամենակոմպետենտ մարդիկ, ովքեր պատմամշակութային ժառանգության հետ կապ ունեն, և մենք եկել ենք այստեղ` մասնակիցներին կոչ անելու, որպեսզի նրանք ավելի ակտիվ լծվեն հուշարձանների պաշտպանության գործին, առաջին հերթին հենց այս պողոտայի վերջնամասում գտնվող «Ծածկած շուկային», որը հանդիսանում է պամամշակութային հուշարձան և հակառակ այն բանի, որ բոլոր պատկան կառույցները ասում են, որ այնտեղ կառուցապատումը ապօրինի է, կառուցապատումը շարունակվում է»,- ասաց ակցիայի մասնակից Գևորգ Սաֆարյանը:
Գիտաժողովի մասնակից Գարեգին Ղազարյանն ասաց, թե չի փորձել գիտաժողովում «Փակ շուկայի» հարցը բարձրացրել. «Ամեն ինչ պետք է անել, որ չլինեն այս երևույթները»: Լրագրողների հարցին՝ արդյոք վերջինս չի՞ ցանկանում բարձրացնել «Փակ շուկայի» հարցը, վերջինս պատասխանեց, որ ցանկանում է. «Ուղղակի իրատես լինենք, չգիտեմ՝ ինչ արդյունք կտա»:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ «դրության տերերը մշակույթի ոլորտի տերերը չեն»:
Ի դեպ, ակցիայի մասնակիցներից մեկը կշտամբում էր Գարեգին Ղազարյանին, թե ինչու վերջինս հարցը չի արծարծում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: