
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել կամուրջ գցող մեքենայի շնորհանդեսը (տեսանյութ)

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել «Կավկասիոնի-07» AVLB – T72 MLC – 85 կամուրջ գցող մեքենայի շնորհանդեսը: Այն ներկայացրել է ակադեմիկոս, գեներալ-մայոր Էլգուջա Մեձմարիաշվիլին:
Շնորհանդեսին մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, զինված ուժերի Միացյալ շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Վախթանգ Կապանաձեն և զինվորական ու գիտական շրջանակների այլ ներկայացուցիչներ:
Շնորհանդեսի ժամանակ Մեձմարիաշվիլին պատմել է ռազմական-ինժեներային ոլորտում կամուրջների կառուցման, դրանց տեսակների ու յուրահատկության մասին: Նա ուշադրություն է հրավիրել կամուրջ գցող այդ մեքենայի նշանակության վրա և ՊՆ-ին առաջարկել է իրականացնել նախագիծը:
Պաշտպանության նախարարը դրական գնահատական է դրել ներկայացրած նախագծին և հույս է հայտնել, որ այն կիրականացվի մոտ ապագայում: