
Ադրբեջանի ԿԸՀ-ն օտար ԶԼՄ-ներից պահանջում է աշխատել ադրբեջանական օրենքներով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ն օտար ԶԼՄ-ներից պահանջում է աշխատել ադրբեջանական օրենքներով:
ԿԸՀ-ի այսօրվա նիստում այդ կազմակերպության անդամ Ազեր Թագիևը հայտարարել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների քարոզչական կամպանիայի սկսվելուց հետո BBC-ի, «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների ադրբեջանական ծառայությունները պատրաստում են քարոզչական նյութեր՝ կապված նախագահական ընտրությունների հետ:
Նա ընդգծել է, որ այդպիսի քարոզչության իրականացնումը հակասում է ադրբեջանական օրենսդրությանը, ինչը պետք է հաշվի առնեն այդ օտար ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է սեպտեմբերի 16-ին և ավարտվելու է քվեարկությունից 24 ժամ առաջ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 08.00-ին: