Եվրահանձնաժողովը որոշել է վերացնել մոլդովական գինու ներկրմանն առնչվող բոլոր սահմանափակումները
Մոլդովական Рublika-TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մոլդովական գինիներն ամբողջովին համապատասխանում են ԵՄ-ի պահանջներին: Եվրահանձնաժողովը որոշել է վերացնել մոլդովական գինու ներկրմանն առնչվող բոլոր սահմանափակումները:
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ Ռուսաստանը սեպտեմբերի 11-ին կասեցրեց մոլդովական գինու ներկրումը: Սա նշանակում է, որ Ռուսաստանում արգելված մոլդովական գինին կվաճառվի ԵՄ-ում: Եվրոպական հանձնաժողովը որոշել է Մոլդովայից ալկոհոլային արտադրանքի համար վաղաժամ ազատականացնել ԵՄ-ի շուկան:
Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Դաչիան Չոլոշը. «Դա նշանակում է, որ մոլդովական գինու համար եվրոպական շուկայում սահմանափակումներ չեն գործի ո՛չ արտահանման ծավալի, ո՛չ էլ սակագնային քաղաքականության հարցերում: Ինչ վերաբերում է որակին, ապա գոյություն ունեն չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն բոլոր գինիները:
Մոլդովական գինին համապատասխանում է այդ պահանջներին: Մոլդովական գինու համար եվրոպական շուկայի ազատականացման մասին որոշումն ընդունվել է վաղաժամ՝ նախքան ԵՄ-ի ու Մոլդովայի միջև Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն ու դրա ուժի մեջ մտնելը:
Շուտով հանձնաժողովի այդ որոշումը կհաստատվի ԵՄ-ի Նախարարների խորհրդում ու Եվրոպական խորհրդարանում: Այն ուժի մեջ կմտնքի մի քանի ամսվա ընթացքում, իսկ մոլդովական գինին եվրոպական շուկա անսահամանափակ մուտքի իրավունք է ստանում այժմ: Դրանք որակյալ գինիներ են, որոնք գնալով դառնում են ավելի հանրաճանաչ»: