Սերժ Սարգսյանը մեկնում է Սյունիք, Բուդաղյանների հայրը մտադիր է նրա հետ առանձնազրույց ունենալ
Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, մտադիր է հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նա ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ ուզում է անձամբ դեմ առ դեմ հանդիպել ու զրուցել, բացի այդ, կարևոր բան ունի նրան փոխանցելու, ինչը համարեց առայժմ գաղտնիք:
«Ես իմացել եմ, հետո ճշտեցի, որ այսօր է գալիս Սյունիք, լինելու է Գորիսում: Նա շատ կարճ է մնալու Գորիսում, ասացին բավականին կարճ հանդիպում է ունենալու քաղաքապետի եւ մարզպետի հետ, բայց ես ամեն դեպքում ուզում եմ, որ մի հինգ րոպե ինձ լսի, որովհետեւ շատ կարեւոր է, որ ես նրա հետ հանդիպեմ, համ էլ ասելիքս կարեւոր է»:
Կայքին Էմիլ Բուդաղյանն ասել է նաև, որ ինքը նամակ էր հասցեագրել Ս. Սարգսյանին, եւ իր պատասխանը մինչեւ հիմա չի ստացել, ուստի շատ կարևոր է նրա դիրքորոշումը անձամբ ճշտելը:
«Էս անգամ գրավոր չէ ասելիքս, քյասա բանավոր խոսել եմ ուզում հետը: Իմ խորին համոզմամբ նա ինձ պիտի որ լսի»:
Տարածված այն խոսակցությանը հակառակ, թե Ս. Սարգսյանի հետ հանդիպման առիթ է փնտրում նաև Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանը, Է. Բուդաղյանն ասել է, որ Ս. Խաչատրյանը Սյունիքում չէ. «Ես ճշտել եմ, նա ստեղ չի, Երևանում է, ասում էին, որ կարող ա ինքն էլ հանդիպի, բայց Գորիս չի եկել»: