Արգենտինան Իրանին առաջարկել է համատեղ հետաքննել Բուենոս Այրեսի ահաբեկչությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները երեկ ելույթ է ունեցել ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում:
Իր ելույթում նա Իրանին համագործակցության կոչ է արել՝ կապված 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում գրանցված պայթյունի բոլոր հանգամանքները հետաքննելու հետ:
Արգենտինայի պատմության մեջ գրանցված խոշորագույն ահաբեկչության հետևանքով զոհվել է 85 մարդ և վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Արգենտինան այդ ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրել է Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին և կառավարության 7 նախկին չինովնիկի:
Սակայն Իրանի իշխանությունները մշտապես կտրականապես հերքել են մեղադրանքները: 2013 թվականի սկզբին Իրանի ու Արգենտինայի իշխանությունները տվյալ հարցի շուրջ ստորագրել են «Փոխըմբռնման հուշագիր», սակայն արգենտինյան կողմի տվյալներով՝ Իրանը դեռ չի ցուցաբերել համագործակցության պատրաստակամություն:
ՄԱԿ ԳԱ-ում ունեցած ելույթում Կիրշները հիշեցրել է, որ իր կառավարությունն արժանացել է կոշտ քննադատության՝ կապված փաստաթղթի ստորագրման հետ, և հույս է հայտնել, որ Իրանի նոր ղեկավարության հետ հետաքննությունն առաջ կշարժվի մեռյալ կետից:
Կիրշները հույս է հայտնել, որ Իրանի նոր կառավարությունը հակված կլինի բանակցելուն և Իրանին կոչ է արել հաստատել հուշագիրը, ինչպես որ ավելի վաղ արել է Արգենտինան:
Նշվում է, որ Արգնետինայի հրեական համայնքը խոշորագույնն է Լատինական Ամերիկայում և ունի ավելի քան 180.000 մարդ: