
Սիրիայի առանցքային իսլամական խմբավորումները հրաժարվել են ճանաչել Սիրիական ազգային դաշինքը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի առանցքային իսլամական խմբավորումները հրաժարվել են ճանաչել Սիրիական ազգային դաշինքը: Այս մասին նշված է ընդդիմադիր 13 խմբավորման տարածած համատեղ հայտարարությունում:
Ապստամբները հայտարարել են, որ ազգային դաշինքն ու նրա առաջարկած կառավարությունը չեն ներկայացնում իրենց և հրաժարվում են ճանաչել այդ կառույցները: Հայտարարության հեղինակները ռազմական ու քաղաքացիական բոլոր խմբավորումներին կոչ են անում միավորվել իսլամի հիման վրա՝ կրոնը ճանաչելով որպես օրենքի միակ աղբյուր և մուսուլմանների շահերն ավելի վեր դասել յուրաքանչյուր առանձին խմբի շահերից:
Բացի բավական արմատական խմբավորումներից, ինչպիսին որ «Լիվա ալ-Թավհիդն» և «Ջաբհաթ ալ-Նուսրան», ազգային դաշինքին դեմ է արտահայտվել նաև Սիրիական ազատ բանակը: Հայտարարությունն արվել է ապստամբական տարբեր խմբավորումների ու իսլամական շարժումների միջև հաճախակիացած զինված բախումների ֆոնին:
Տարբեր տվյալներով՝ Սիրիայում գործում է ընդդիմադիր 1000-1200 կազմակերպություն: