
Վրաստանում ձերբակալվել են «Սադախլո» մաքսային անցակետի պետն ու հերթափոխի պետը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության Հետաքննչական ծառայության աշխատակիցները ծառայողական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալել են «Սադախլո» (հայ-վրացական սահման) մաքսային անցակետի պետ Կախաբեր Մուսերիձեին:
Բացի այդ, քրեական պատասխանատվության է ներգրավվել նաև այդ մաքսային անցակետի հերթափոխի պետ Կախա Արչվաձեն: Հետաքննությունը պարզել է, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին Մուսերիձեի հանձնարարությամբ Արչվաձեն իր ծառայողական գործառույթներն իրականացնելիս թույլ է տվել, որ Վրաստան մուտք գործի 10.103 լարի (մոտ 6000 դոլար) ընդհանուր արժեքով տարբեր տիպի դեկորատիվ թռչուններով լեցուն մի ավտոմեքենա:
Դա իրականացվել է առանց մաքսային ու անասնաբուժական համապատասխան փաստաթղթերի՝ օրենսդրությամբ նախատեսված մաքսային ստուգման ու վերահսկողության շրջանցմամբ: Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածում՝ ծառայողական լիազորությունների չարաշահում: