Վրաստանում գրանցում են ստացել ռեկորդային թվով նախագահի թեկնածուներ
Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ը գրանցել է նախագահի 23 թեկնածուի: Վրաստանի պետական բարձրագույն պաշտոնին հավակնողների նման քանակը ռեկորդային է երկրի ողջ ընտրական պատմության ընթացքում:
Մինչ այս ռեկորդը գրանցվել էր 2008 թվականի հունվարի 5-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրություններում, ուր թեկնածուների քանակը կազմել է 7 մարդ: Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 27-ին:
ԿԸՀ-ը պետք է թեկնածուների գրանցման գործընթացն ավարտեր այդ ժամկետից մեկ ամիս առաջ, սակայն նա վաղաժամ ավարտել է բոլոր հայտերի ստուգման գործընթացը: Նախագահ առաջադրվելու իրավունք է ստացել անկախ նախաձեռող խմբերի ներկայացրած 13 մարդ և տարբեր կուսակցությունների ու դաշինքների ներկայացրած 10 մարդ:
Նրանք են. Նինո Բուրջանաձե (Միացյալ Վրաստան), Շալվա Նաթելաշվիլի (Լեյբորիստական կուսակցություն), Գեորգի Տարգամաձե (Քրիստոնեա-դեմոկրատական շարժում), Կոբա Դավիթաշվիլի («Ժողովրդի կուսակցություն»), ԿԸՀ նախկին նախագահ Զուրաբ Խարատաշվիլի (Վրաստանի եվրոպական դեմոկրատներ), Ակակի Ասատիանի (Վրաստանի ավանդապաշտների միություն), Սերգո Ջավախիձե («Հանուր արդար Վրաստանի»), Աբխազիայի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Թեյմուրազ Մժավիա (Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն):
Իշխող «Վրացական երազանք» դաշինքից նախագահի թեկնածու է առաջադրվել Գեորգի Մարգվելաշվիլին, իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից՝ խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն:
Վրաստանի Սահմանադրության համաձայն, Սաակաշվիլին անձամբ չի կարող առաջադրել իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում, քանի որ արդեն իսկ երկու անգամ ընտրվել է այդ պաշտոնում: Օրենսդրությունը գրանցված թեկնածություններին թույլատրում է ընտրություններին մասնակցելու հրաժարվել մինչև հոկտեմբերի 17-ը: