
Օբաման խոստովանել է, որ ծխելուց հրաժարվել է կնոջ հանդեպ ունեցած «ահից»

NBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ խոստովանել է, որ չի ծխում արդեն 6 տարի: Նա կատակով նշել է, որ այդ վտանգավոր սովորույթից հրաժարվել է իր կնոջ՝ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հանդեպ ունեցած ահից:
Օբամայի այս խոսքերը չեն եղել հրապարակավ, սակայն հայտնվել են մամուլում: Օբաման այդ արտահայտությունն արել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մաինա Կիաիի հետ հանդիպման ժամանակ:
Խոսակցություններն այն մասին, որ Օբաման ծխում է, տարածվել են 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում նրա առաջին նախընտրական կամպանիայի ժամանակ: Օբաման ծխախոտով հանրության առջև չի հայտնվել արդեն մի քանի տարի: Ամերիկյան մամուլում լայնորեն քննարկում են քաղաքական գործիչների վնասակար սովորույթները:
2009 թվականին, երբ նա արդեն ԱՄՆ նախագահ էր, խոստովանել է, որ նախկինի նման պայքարում է վնասակար այդ սովորույթի դեմ՝ թեև չի ծխում ամեն օր կամ իր ընտանիքի ներկայությամբ: Նա ընդգծել էր, որ ծխելուց ձերբազատվել է 95 տոկոսով: 2012 թվականին Միշել Օբաման հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ծխելը թողնելու հարցում նախագահին օգնել են նրա դուստրերը: