
Հասան Նասրալլահը «ծիծաղելի» է որակել ամերիկյան կողմի հայտարարությունը՝ կապված Սիրիայի քիմիական զենքի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլահը «ծիծաղելի» է որակել ամերիկյան կողմի այն հայտարարությունը, թե իր կազմակերպության համար կարող է մատչելի լինել Սիրիայի քիմիական զենքի զինանոցից օգտվելը:
Այս մասին հայտնել է լիբանանյան հեռուստատեսությունը: Նասրալլահի խոսքերով՝ այդ մեղադրանքները հիրավի ծիծաղելի են: Նասրալլահը կարծում է, որ նմանատիպ հայտարարությունները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ Լիբանանի համար:
Սրանից առաջ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել էր, որ օգոստոսի 21-ին Սիրիայում քիմիական զենքի կիրառումից հետո վտանգ կա, որ քիմիական զենքը կարող է ընկնել ծայրահեղականների ձեռքը՝ ներառյալ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը և «Ալ-Քաիդայի» բաժանմունքները: