Բաժիններ՝

Փորձագետներին մտահոգում է Հայաստանի պետական պարտքի աճը

Փորձագետների գնահատմամբ, Հայաստանի իշխանությունների կողմից 700 միլիոն դոլար նոր պարտք վերցնելը, որը մարելու պահին կկազմի արդեն 1 միլիարդ և որի հիմնական մասը, ըստ հաղորդագրությունների, օգտագործվելու է նախկինում վերցված պարտքերը փակելու համար, երկիրը դնում են մի ուղու վրա, որն ի վերջո կարող է հանգեցնել ֆինանսական ու տնտեսական փլուզման, հաղրոդում է azatutyun.amը:

Անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանը 700 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է տեղաբաշխել կապիտալի միջազգային շուկայում: Մեր երկիրը նման մեծ գումար է պարտք վերցրել 7 տարի ժամկետով՝ տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով:

Համեմատության համար նշենք, որ այդ ծավալի գումարը կազմում է Հայաստանի այս տարվա պետբյուջեի մոտ մեկ երրորդը, և այն շուրջ 20 տոկոսով մեծացրեց մեր երկրի արտաքին պարտքը՝ այն հասցնելով ավելի քան 4.4 միլիարդ դոլարի:

Տնտեսագետ Սամսոն Ավետյանը, ով գլխավորում է Arrow Global LTD ներդրումային ընկերությունը,  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, թե հին վարկերը մարելու համար նման ծավալի պարտք վերցնելը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունների կողմից նախկին վարկերն այդքան էլ արդյունավետ չեն օգտագործվել, ինչը պետք է հնարավորություն տար առանց խնդրի մարել դրանք:

«Եթե մենք շարունակենք անարդյունավետ ձևով օգտագործել ոչ փոքր տոկոսադրույքներով ձեռք բերվող այդ գումարները, մենք կարող ենք ուղղակի հայտնվել պարտքերի տեղապտույտի մեջ»,- ընդգծել է Ավետյանը, – «Այդպիսի օրինակներ եղել են ու կան, Հայաստանը բացառիկ երկիր չէ՝ Հունաստան և այլն»:

Զրուցակցի փոխանցմամբ, 700 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի հետ կապված կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ եթե նախկինում Հայաստանը պարտք էր վերցնում միջազգային կառույցներից՝ Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, կամ որևէ երկրից, որոնք երբեմն ընդառաջ էին գնում և համաձայնում էին, այսպես ասած, վերաձևակերպել պարտքը՝ հետաձգելով մարումը, ապա այժմ Հայաստանը գործ  է ունենալու մասնավոր պարտատերերի հետ, որոնք դժվար թե համաձայնեն պարտքի մարման հետաձգմանը, եթե ժամանակը գա ու մեր երկիրը չկարողանա մարել պարտքն ամբողջությամբ:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս