
Ռուսական կողմը հույս է հայտնել, որ ԵՄ-ն Թբիլիսիին ետ կպահի անպատասխանատու քայլերից

Եվրամիությունը պետք է ուշադրություն դարձնի Թբիլիսիի կողմից ուժեղացող սադրիչ ակտիվությանը Հարավային Օսիայի հետ սահմանի շրջանում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ բանակցությունների ժամանակ, տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
«Ցխինվալի իշխանությունների` սեփական սահմանային ռեժիմի ամրապնդման բացառապես իրավաչափ գործողությունների շուրջ քարոզչական հիստերիա է ծավալվում: Տարածվում են կեղծ տեղեկություններ սահմանագիծը դեպի վրացական տարածք տեղափոխելու վերաբերյալ»,-հայտարարել է Կարասինը:
Ռուսական կողմը հույս է հայտնել, որ «ԵՄ հատուկ ներկայացուցիչը եւ ԵՄ դիտարկման առաքելությունը Թբիլիսիին ետ կպահեն անպատասխանատու քայլերից, հատկապես` նախընտրական շրջանում»: