Բաժիններ՝

«Փարաջանով» ֆիլմը մասնակցելու է Համբուրգի միջազգային կինոփառատոնին (տեսանյութ)

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի կինոռեժիսոր Ելենա Ֆետիսովայի և ֆրանսիահայ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը ներկայացվելու է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Համբուրգում (Գերմանիա) կայանալիք Միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրին:

Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի՝ Կինոյի հարցերով պետական գործակալության մամլո ծառայությունը: «Փարաջանով» ֆիլմը պաշտոնապես հաստատվել է Ուկրաինայի Օսկարի հանձնաժողովի կողմից՝ «Օսկար» մրցանակի մրցույթին մասնակցելու համար:

Ֆիլմը պատմում է խորհրդային մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին, որին նկարագրում են որպես Վրաստանում ծնված հայ, ով ազատազրկում է կրել ուկրաինական ազգայնականության համար: Այդ ֆիլմն Ուկրաինայից ներկայացվելու է «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս տարի Օդեսայում անցկացված միջազգային կինոփառատոնում ֆիլմը ստացել է «Զոլոտոյ դյուկ» մրցանակ՝ որպես ուկրաինական լավագույն լիամետրաժ ֆիլմ:

Ուկրաինայի վարձույթներում ֆիլմը հայտնվելու է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին:
Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Ավետիքյանը, ով եղել է Փարաջանովի ընկերը, ֆիլմի համառեժիսորն է և գլխավոր հերոսը: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի, Վրաստանի ու Ֆրանսիայի հետ Ուկրաինայի համագործակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս