Բաժիններ՝

Նարեկ Մակարյանը` իր նոր տեսահոլովակի մասին. «19-րդ դարի կովբոյական մի խելագար, կրքոտ սիրո պատմություն է, որը 21-րդ դարում քիչ է հանդիպում»

Երգիչ Նարեկ Մակարյանը շուտով իր երկրպագուներին նոր անակնկալ կմատուցի: Սեպտեմբերի վերջին երևանյան ակումբներից մեկում տեղի կունենա երգչի նոր տեսահոլովակի պրեմիերան:

«Երազանքի գրկում» կոչվող երգի երաժշտության հեղինակները Դեր Հովան և Նարեկ Մակարյանն են, խոսքերի հեղինակը` Գրիգոր Կյոկչյանը: Սա երգչի թվով երկրորդ տեսահոլովակն է:

168.am-ի հետ զրույցում Նարեկն ասում է, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեսահոլովակների ռեժիսորը երգչի լավ ընկեր Սերժ Գաբյանն է, ով հետևել է իր երաժշտական գործունեության զարգացմանը դեռ փոքր տարիքից: Տեսահոլովակի օպերատորն էլ Սուրեն Թադևոսյանն է, ով, ըստ Նարեկի, մի «շշմելու օպերատոր է»:

««Երազանքի գրկում» երգը պոզիտիվ է և բնութագրում է տղամարդու անսահման սերը դեպի իր սիրելին: Երգը փոփ-էթնո ժանրում է, օգտագործել ենք քամանչա և բլուլ: «Երազանքի գրկում» երգը ծնվեց «Հայաստանի Ձայնը» նախագծի ընթացքում, երբ աշխատելով Դեր Հովայի հետ՝ ստեղծեցինք այս գեղեցիկ երգը: Շատ շնորհակալ եմ նրան իր պրոֆեսիոնալիզմի և մարդկային հատկանիշների համար»,- ասաց Նարեկ Մակարյանը:

Կարդացեք նաև

narek

Երգի տեսահոլովակի նկարահանումները երկու օրվա փոխարեն՝ տևել են մեկ օր. «Ինչ մեղքս թաքցնեմ` պետք է ասեմ, որ սա իմ առաջին դերասանական փորձն էր: Քանի որ տեսահոլովակը խաղարկային է և ոչ ստանդարտ, ես պետք է կերպար կերտեի: Կարծում եմ` լավ է ստացվել»:

Տեսահոլովակը Western ժանրում է, նկարահանվել է ինչպես ֆիլմ` լավագույն կինոտեխնիկայով:

«Դեռևս «Հայաստանի Ձայնը» նախագծից ես փորձել եմ լինել կրեատիվ և միշտ մատուցել եմ հետաքրքիր երգեր` ոչ միայն իմաստային, այլև շոուի տեսանկյունից: Նույնը շարունակում եմ մեր շոու-բիզնեսում` չուզենալով նմանակել որևիցե երգչի` ես ստեղծում եմ իմ երաժշտական ուղղվածությունն ու իմիջը: Տեսահոլովակում հանդես եմ գալիս կրքոտ տղամարդու կերպարում, ով ոչնչից չի վախենում և գնահատում է կնոջ սերը: 19-րդ դարի կովբոյական մի խելագար, կրքոտ սիրո պատմություն է, որը 21-րդ դարում քիչ է հանդիպում»,- մանրամասնեց Նարեկ Մակարյանը:

narek1

Մեր այն հարցին, թե ո՞րն է երգչի երազանքը, Նարեկը պատասխանեց. «Տասը տարեկանից սկսած՝ երազել եմ, որ մի օր որպես արտիստ կվայելեմ իմ հայրենակիցների սերը, ինչո՞ւ ոչ, նաև արտասահմանցիների: Ամեն դեպքում ես չեմ մոռանա իմ հայրենիքը և իմ ազգային պատկանելությունը»:

Լուսանկարները` Նարեկ Մակարյանի ֆեյսբուքյան էջի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս