Վահան Արծրունի. «Մենք փակ շղթայի մեջ հայտնվեցինք այս 22 տարիների ընթացքում, և միակ ելքը ես տեսնում եմ նոր որակի ի հայտ գալու մեջ»
«22 տարի առաջ մենք կերտում էինք սեփական երկիրը, որի տերն ու տիրականը մենք պիտի լինեինք։ Դրանով էլ պայմանավորված էր Ոգին, որը բերեց այն պատմական հաղթանակները, որոնք և ունեցանք։ Իսկ այն, ինչ փաստում ենք այսօր, գրեթե ոչ մի բանով չի տարբերվում 22 տարի առաջ եղածից՝ ո՛չ երկրի տերն ենք, ո՛չ ազատության, ո՛չ անկախության, ոնց եղել ենք ռուսական պրովինցիա, այդպես էլ մնացինք, մեծ հաշվով։ Ցավով եմ դա արձանագրում, որովհետև այս տարիների ընթացքում այնպիսի մարդկային որակների կորուստներ ունեցանք, մատաղ տվեցինք, հանուն ինչի՝ ինքս էլ եմ դժվարանում ասել։ Մի՞թե մերօրյա համատարած ռաբիսացման համար…»,- 168.am-ի հետ զրույցում բնութագրելով 22 տարի առաջվա և ներկայիս անկախության պատկերացումները` ասաց երգիչ-երգահան Վահան Արծրունին:
Ըստ երգիչ-երգահանի` այս տարիների ընթացքում ունեցած մեր ամենամեծ ձեռքբերումը «միանշանակ երկրի սահմաններն են», իսկ կորուստը, «առաջին հերթին՝ մարդկային որոշակի բարձր որակների կորուստն է և որպես դրա հետևանք՝ համատարած բարոյալքումը, անբանությունը և տգիտությունը»։
Ի պատասխան մեր այն հարցին, թե այսօր անկախության, ազատության և նման վեհ գաղափարներն ինչպե՞ս են ընկալվում, Վահան Արծրունին նկատեց. «Նման գաղափարները միշտ էլ միանշանակ են ընկալվում այն մարդկանց կողմից, ովքեր գիտակցում են այդ կատեգորիաների գերակայությունն ու անհրաժեշտությունը։ Մեզանում, իհարկե, հակառակ պատկերն է։ Այդ հասկացությունները դարձել են ընդամենը խաղաքարտ թշվառ քաղաքական խաղերում, ինչպես նաև՝ շատուշատ բաներ, որոնք այս 22 տարիների ընթացքում կորցրել են իրենց սկզբնական իմաստն ու բովանդակությունը և մուտացիայի ենթարկվել՝ ըստ մասնավոր կամ հանրային պահանջարկի։ Մենք փակ շղթայի մեջ հայտնվեցինք այս 22 տարիների ընթացքում, և միակ ելքը ես տեսնում եմ նոր որակի ի հայտ գալու մեջ»։