Շնորհավոր սեպտեմբերի 21

Այսօր Հայաստանը նշում է անկախության 22-ամյակը: Ինչպես ամեն տարի՝ պաշտոնյաների կողմից կրկին հնչելու են անկախությունն արժևորող ու գնահատող, անփոխարինելի ու անբեկանելի համարող ուղերձներ, իսկ երեկոյան, բնականաբար, լինելու է հրավառություն: Բայց այս տարվա սեպտեմբերի 21-ը նախորդ տարիների տոնական օրվանից էականորեն տարբերվում է, տարբերվում է նրանով, որ եթե նախորդ տարիներին տարբեր իշխանություններն իրենց քայլերով անուղղակի հարվածներ են հասցրել Հայաստանի անկախությանը, ապա այս՝ 2013 թվականին Մաքսային միությանն անդամակցելու հայտնի որոշմամբ ուղղակիորեն ոտնահարվեց ՀՀ ինքնիշխանությունը: Այնքան ուղղակիորեն, որ դա չեն կարողանում թաքցնել նույնիսկ իշխանության ներկայացուցիչները:

Սակայն Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը հասցված վնասը միայն սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հնչած հայտարարությամբ չսահմանափակվեց: Դրան հաջորդած օրերին Հայաստանի քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներից այնքան ռուսահաճո ու ռուսահպատակ հայտարարություններ ու հավատարմության երդումներ հնչեցին, որքան թերևս չէին հնչել անկախության անցած ամբողջ 22 տարիներին:

Այդուհանդերձ, Հայաստանում դեռևս ապրում ու ապրելու են մարդիկ, որոնց համար անկախությունը՝ ի տարբերություն դա սակարկության առարկա դարձնող իշխանությունների ու դրա հաշվին իշխանության ձգտող քաղաքական ուժերի, իսկապես անբեկանելի արժեք է: Ու բոլոր այդ մարդկանց համար սեպտեմբերի 21-ը արդեն նոր իմաստ է ձեռք բերում՝ անկախության վերականգնման պայքարի իմաստ: Պայքար՝ սեպտեմբերի 21-ը տոնից տարելից չդարձնելու համար: Շնորհավոր Անկախության օրը:

Տեսանյութեր

Լրահոս