Եղբայրը սեռական բնույթի գործողություններ է կատարել հարազատ քրոջ հետ

Քրեական վերաքննիչ դատարանում երեկ տեղի է ունեցել քաղաքացի Ա. Պետրոսյանի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, գործով դատաքննություն իրականացրել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

«Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, թե իր աներորդի Ա. Խաչատուրովը ինչպես է պարբերաբար սեռական բնույթի գործողություններ կատարել իր կնոջ՝ Մ. Պ.-ի հետ, վրեժխնդրությունից դրդված 2012թ. դեկտեմբերի 10-ի գիշերը՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ի սահմաններում, իրեն պատկանող բնակարանում մետաղյա ձողով և բռունցքներով հարվածներ է հասցրել Ա. Խաչատուրովի գլխի և մարմնի տարբեր մասերին՝ վերջինի առողջությանը գլխի, դեմքի, իրանի, վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, բազմաթիվ սալջարդ-պատռված վերքերի, քթի, աջ այտոսկրի կոտրվածքների, ձախակողմյան հետտրավմատիկ լարված պնևմոթորաքսի ձևերով դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս»,- ըստ datalex-ի՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Գործում որպես իրեղեն ապացույցներ կցված են Ա. Խաչատուրովի հագուստները՝ մեկ հատ մոխրագույն տաբատը և սև գույնի զոլավոր սվիտերը, վառարան խառնելու համար նախատեսված մետաղյա ձողը, ինչպես նաև Ա. Պետրոսյանի «Սամսունգ Դոուս» և տուժող Ա. Խաչատուրովի «Նոկիա Ն78» տեսակի բջջային հեռախոսները իրենց բջջային քարտերի հետ միասին:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած վճռում ասվում է, որ ամբաստանյալ Ա. Պողոսյանը միջնորդել է դատակական քննությունն իրականացնել արագացված կարգով, հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Ամբաստանյալի միջնորդությունը բավարարվել է:

«Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքում դրված ապացույցները գտնում է, որ ամբաստանյալ Ա. Պետրոսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ըստ datalex-ի՝ ասված է վճռում:

Վճռում դատավորը նշել է նաև, որ որպես ամբաստանյալ Ա.  Պետրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առնում այն, որ նրա խնամքի տակ են գտնվում թոշակառու ծնողները և մանկահասակ երկու երեխաները, ընտանիքի միակ կերակրողն է, դեպքից անմիջապես հետո ներկայացել է մեղայականով, տվել խոստովանական ցուցմունքներ, որոնցով ակտիվորեն աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար, հանցագործությունը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական վարքագծով. «Որպես ամբաստանյալ Ա. Պետրոսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում նաև այն, որ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության 2013թ. մարտի 28-ի թիվ 141/13 եզրակացության համաձայն` Ա. Պետրոսյանի մոտ հայտնաբերվել են «բնավորության փսիխոպաթիկ գծեր»:

Վերը նշված բնավորության գծերն արտահայտված չեն այն աստիճանի և թեև չեն զրկել նրան իր գործողությունների վտանգավորությունը հասկանալու հնարավորությունից, սակայն հաշվի առնելով ստեղծված օբյեկտիվ ծանր փսիխոտրավմատիկ իրավիճակը, էապես սահմանափակել են նրա հնարավորությունները ղեկավարելու իր գործողությունները, ուստի Ա. Պետրոսյանին հարկ է կատարածի նկատմամբ ճանաչել սահմանափակ մեղսունակ։

Ա. Պետրոսյանը հանցանք կատարելու ժամանակ հուզական վիճակում դրսևորել է ֆիզիոլոգիական աֆեկտի առաջին և երկրորդ փուլերին բնորոշ հատուկ վարքագիծ, սակայն 3-րդ փուլում ասթենիա /ուժասպառություն/ չի դիտվել։ Ա. Պետրոսյանը քննարկվող իրադրությունում ապրել է խորը սթրես, ֆրուստրացվածություն` զայրույթի և ըմբոստության համակցումով, ինչն էապես ազդելէ նրա գիտակցության ու վարքի վրա։ Որպես ամբաստանյալ Ա. Պետրոսյանի անձը բնութագրող տվյալ դատարանը հաշվի է առնում նրա դրականորեն բնութագրվելը։ Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվում հանցագործության ռեցիդիվը։ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ որպես պատժատեսակ պետք է նշանակվի ազատազրկում։

Միևնույն ժամանակ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ, պետք է նշանակվի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ` հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, կարող է նշանակվել համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցություն»: Այսպիսով, դատարանը վճռել է Ա. Պողոսյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել մեկ տարի ազատազրկման: Ա. Պետրոսյանի պաշտպանը վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որն էլ քննել է այն:

Տեսանյութեր

Լրահոս