Բաժիններ՝

Գյումրիում մեկնարկեց «Արտ Էքսպո» միջազգային առաջին ցուցահանդեսը

Գյումրիում այսօր հաճելի իրարանցում էր: Սեպտեմբերի 20-ին, «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  ծրագրի շրջանակներում` մարզկենտրոնում մեկնարկեց ԱՊՀ երկրների «Արտ Էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդեսը, որը կշարոնակվի մինչ սեպտեմբերի 22-ը:

Ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը և Գյումրիի քաղաքապետարանը: Միջոցառման սկիզբն ազդարարվեց Գյումրիի Վարդանանց հրապարակում: Ծրագրին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել մի շարք երկրներ, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերից Գյումրի ժամանած խմբեր: Տեղադրված տաղավարների թիվն էլ բավական մեծ էր: Հրապարակի կենտրոնում տեղադրված հատուկ բեմահարթակում հանդես եկան մի շարք երգիչներ ու պարային խմբեր:

«Արտ Էքսպո» միջազգային ցուցահանդեսի նպատակն է ձևավորել միասնական մշակութային հարթակ ԱՊՀ անդամ երկրների միջև, որը կխրախուսի տարածաշրջանային մշակութային բազմազանությունը, կստեղծի  միջտարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափեր  հետագայում ևս համատեղ միջպետական  նախագծերի իրականացման համար: Ինչպես նշվեց, ցուցահանդեսը բաղկացած էր մի քանի հարթակներից` ԱՊՀ երկրների, ՀՀ մարզերի, ինչպես նաև ցուցահանդեսի ամենամյա միջոցառումների համար:

Gyumri-expo2

Կարդացեք նաև

Gyumri-expo6

Gyumri-expo7

Մի շարք միջոցառումներ տեղի ունեցան նաև քաղաքի տարբեր հատվածներում: Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նույնպես ներկա գտնվեց ցուցահանդեսին՝ ծանոթանալով Վարդանանց հրապարակում տեղ գտած տաղավարներին: Նշենք նաև, որ նախագան այսօր առավոտյան ներկա է գտնվել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նորակառույց շենքի հանդիսավոր բացմանը: Ներկա էին նաև մի շարք պաշտոնյա հյուրեր Հայաստանից և արտերկրից, մասնավորապես՝ բացմանը ներկա էր հանրահայտ Deep Purple ռոք խմբի անդամ Իեն Գիլլանը:

Gyumri-expo4

Gyumri-expo3

Gyumri-expo5

Հիշեցնենք նաև, որ  1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված Rock Aid Armenia նախագիծը մի հարկի տակ էր հավաքել մի շարք հանրահայտ ու ճանաչված ռոք աստղերի, ովքեր էլ վերաձայնագրելով Deep Purple խմբի Smoke on the water երգը և թողարկելով նոր սկավառակ՝ վաճառքից գոյացած հասույթը տրամադրեցին Հայաստանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նաև Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ ներկայումս ընթանում են շինարարական եւ վերականգնողական աշխատանքներ:

Գյումրի
Լուսանկարները՝ «Շիրակ կենտորն»  ՀԿ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս