Վարդան Սեդրակյան. Եթե լիներ սպանության նպատակ, ապա Խաչատուր Պողոսյանը «կշարեր, կմեխեր խաչուփաչ, կթողներ կգնար» (տեսանյութ)

Դատավոր Գագիկ Պողոսյանը սեպտեմբերի 23-ին կհրապարակի Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավճիռը: Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կայացած նիստից հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ համապատասխան դատական ակտ կազմելու: Դատական նիստի ընթացքում  Գագիկ Պողոսյանը պաշտպանական ճառով հանդես գալու հնարավորություն տվեց գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանին, ով, սակայն, ժամանակ խնդրեց` ճառին պաշտպանվելու համար: Դատավորի հարցին, թե ինչո՞ւ նա պատրաստ չէ, աբաստանյալը պատասխանեց, թե չի հասցրել:

Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանն իր ճառում ասաց, թե որևէ փաստ չկա, որը կապացուցի Պարույր Հայրիկյանը սպանելու նպատակ ունենալու մասին: Ըստ նրա՝ մեղադրողը արժանահավատ է համարել նախաքննական ցուցմունքները. «Այդ դեպքում մի անհամեստ հարց: Ինչի՞ համար է այս դատաքննությունը: Միանգամից, պարո՛ն դատախազ, կարող էիք գալ բանտախուց, միայն նախաքննության եղած ցուցմունքների հիման վրա դատապարտեիք, մեղադրանքը ներկայացնեիք, հաստատեիք ու գնայիք»:

Ըստ Սեդրակյանի՝ եթե լիներ սպանության նպատակ, ապա ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը, ով Աֆղանստանում  է կռվել, կկարողնար կատարել իր ցանկությունը. «Կշարեր, կմեխեր խաչուփաչ, կթողներ կգնար»:

Վարդան Սեդրակյանի խոսքով` դատախազն այդպես էլ չի խոսել հանցագործության դրդապատճառների մասին: Ըստ Սեդրակյանի` ստացվում է՝ «ինքը կատարյալ անմեղսունակ է, կատարյալ ապուշ», իբր թե ինքը պատվիրել է սպանությունը իր աշխատողներին, նրանց ուղարկել է Պ. Հայրիկյանին հետևելու իր անունով գրանցված ավտոմեքենայով, ծառայության համար վճարվելիք կոնկրետ գումարի մասին չեն խոսել.

«Խաչատուրը հարցնում է Սամվելին, Սամվե՛լ, բա Վարդանը  ինչքա՞ն է մեզ տալու, Սամվելը ասում ա՝ Վարդը ասեց՝ դիլխոր չեք մնա»: Վ. Սեդրակյանը անհեթեթություն որակեց մեղադրական ճառը. «Մարդուն մեղադրել, 12 տարվա սռոկ կարդալ մարդու վրա, որովհետև այդպես է ենթադրում Խաչատուր Պողոսյանի զոքա՞նչը, պարո՛ն Ամիրզադյան: Իսկ միգուցե Խաչատուր Պողոսյանի զոքանչը ուրիշ բան էլ է ենթադրում: Եվ մի կարևոր հարց: Ինչի՞ց որոշվեց, որ այդ կինը վկա է: Որքան ես գիտեմ, Քրեական օրենսգրքով հստակ նշվում է՝ որն է վկան: Ցույց տվե՞ց ինքը աղբյուրը կամ ցույց տվե՞ց ինքը ինչ-որ հանգամանք: Եվ հարց առաջացավ, իսկ ինչո՞ւ իմ զոքանչին գործի մեջ չեն ներգրավվել որպես վկա»:

«Հրաշքներ լինում են Հայաստանում: Լինում է, որ նախաքննության ընթացքում մարդը, որը մեկ ուրիշին սպանել է և կա դիակ, և սպանված, և տեսագրություն, հենց խափանման միջոցն էլ են փոխում: Այդպես էլ է լինում Հայաստանում: Բայց այ ես չհասկացա, թե պարոն Ամիրզադյանն ինչո՞ւ մինչև վերջ թույլ չտվեց, որ ես գոնե զանգահարեմ կնոջս»,- իր ճառում ասաց Վարդան Սեդրակյանը:

Արդեն իր վերջին խոսքի ընթացքում Վ. Սդրակյանն խնդրեց կայացնել որոշում՝ ելնելով կոնկրետ փաստերից, ցուցմունքներից և ապացույցներից. «Հույս ունեմ, որ դատարանը կկայացնի արդարացի վճիռ»,- ասաց նա:

Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանն էլ ասաց, որ որպես մարդ՝ զղջում է Պարույր Հայրիկյանին վնաս հասցնելու համար, իրեն մեղավոր է ճանաչում ոչ թե սպանության, այլ վնասվածք հասցնելու և զենք ունենալու համար: Ամբաստանյալ Սամվել Հարությունյանն էլ ասաց, որ ինքն ու Խաչատուր Պողոսյանը սպանության նպատակ չեն ունեցել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս