Ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր հաշվապահը ևս
pastinfo.am –փոխանցմամբ` բյուջեից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով մեղադրյալների բանակը համալրել են նաեւ Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր հաշվապահ, նույն ինքը` ծառայության ֆինանսատնտեսական բաժնի պետ Սաթենիկ Հովհաննիսյանն ու կադրերի բաժնի պետ Նարեկ Գասպարյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական կարգադրիչների մեծածավալ գործով արդեն անցնում է 19 անձ, որոնցից 16-ին, նրանց թվում՝ ծառայության պետին ու նրա տեղակալին, մեղադրանք է առաջադրվել՝ հափշտակություններ կատարելու համար: Եւս մեկ հոգի՝ Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանը, գտնվում է հետախուզման մեջ, ևս երկուսը կասկածյալներ են:
Ցայժմ դատական կարգադրիչները վերականգնել են 42 մլն. դրամ՝ որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցում:
Իսկ նախաքննական մարմինը զուգահեռ փորձում է պարզել հափշտակված գումարների իրական ծավալները: Ըստ գործակալության տեղեկատվության՝ քննիչը նախօրեին որոշում է կայացրել Դատական կարգադրիչների ծառայությունում ստուգումներ սկսել:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: