
Վալերի Օսիպյանը` ակտիվիստներին ծեծի ենթարկելու դեպքերի առիթով հարուցված գործերի բացահայտման մասին

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում քննարկում են վերջին շրջանում քաղաքացիական ակցիաներում տեղ գտած միջադեպերը:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությանը չի հաջողվում բացահայտել ակտիվիստներին ծեծի ենթարկած անձանց, այն դեպքում, երբ քաղաքի տարբեր վայրերում տեսագրող սարքեր կան տեղադրված` Վալերի Օսիպյանը պատասխանեց, թե նման դեպքեր շատ-շատ են տեղի ունենում ոչ միայն Երևանում, այլև մարզերում, և որոնք նույնիսկ 10 տարի հետո բացահայտվում են:
«Այս դեպքերից յուրաքանչյուրը առանձնահատուկ մոտեցում է պահանջում և ժամանակ է պետք բացահայտելու համար: Սրանք նախապես կազմակերպված դեպքեր են և, բնականաբար, դրանց բացահայտումը ժամանակ է պահանջում»,-հայտարարեց Վալերի Օսիպյանը:
Իսկ ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա Վալերի Օսիպյանը` դիմելով հասարակությանը, ասաց. «Եթե կան նման նյութեր, ականատեսներ, տրամադրեք ոստիկաններին, ձեռք մեկնեք ոստիկաններին, մենք կապահովենք նայի այդ անձանց անվտանգությունը: Եթե չեն ուզում օգնած լինել` գոնե թող չխանգարեն` հայտարարություններ չանեն»: