Բաժիններ՝

«Գծատերը օլիգարխ չի, գնացեք մեր տուն, տեսեք օլիգարխի՞ տուն է». ուղևորափոխադրող

Հասարակական տրանսպորտի սակագնի վերանայումը խիստ անհրաժեշտ է: Այս պնդումն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեցին ուղևորափոխադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Նրանք վստահեցրին, որ սակագնի փոփոխությունից հետո տրանսպորտի սպասարկման որակը կբարելավվի:

 «Դավիթ երթուղայինի» տնօրեն Հարություն Առաքելյանի խոսքով՝ իրենք իրենց մատուցած ծառայության գինն են ուզում: Ըստ նրա՝ փոխադրողները պատրաստ են նստել բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել և տնտեսագիտական հաշվարկներ կատարել: Առաքելյանը նշեց, որ ուղևորավարձի փոփոխությունից հետո վարորդների պլանային առաջադրանքները նույնպես բարձրանալու են, բայց ուղևորահոսքերի փոփոխության ուսումնասիրությունից հետո: Նա հավաստիացրեց, որ նախկինմի քանի օրերին գնի բարձրացման ժամանակ պլանային առաջադրանքները չէին բարձրացել:

 «Գծատեր հասկացողություն չկա, գծատերը քաղաքապետարանն է: Փոխադրող կազմակերպությունները զբաղվում են բիզնեսով, իսկ յուրաքանչյուր բիզնես հետապնդում է շահույթ: Ժամանակին շահույթ որոշ չափով եղել է, բայց երկրում գնաճի և ուղևորահոսքի նվազման հետ կապված այդ շահույթը ոչ թե պակասել է, այլ զրոյացել: Ձեռնարկությունները իրենց ամորտիզացիայի հաշվին փորձել են պահպանել իրենց գոյությունը, բայց ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, ամեն ինչ թանկացել է, կա պահանջ մեր աշխատակիցների սոցիալական վիճակը բարելավելու: Բոլորը սպասում են քաղաքապետի որոշմանը, որ հետո որոշեն իրենց անելիքը»,- ասաց Հ.Առաքելյանը:

 Հայաստանի Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ անցած ժամանակշրջանում միկրոավտոբուսային 24 երթուղի է փակվել, այսօր էլ 23 երթուղի ազատ է, չի սպասարկվում, քանի որ քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներին մասնակիցներ չեն եղել:

 Ըստ Առաքելյանի՝ տրանսպորտը շարունակելու է գերբեռնված աշխատել, քանի դեռ Երևանում հաստատված երթուղային ցանցը չի գործում. «Նույն երթուղու համար 4-րդ մրցույթն է հայտարարվում, ոչ մի նոր փոխադրող չի գալիս մասնակցի»:

 Հանրային խորհրդի անդամ, 28 երթուղու շահագործող Վլադիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ոչ մեկը չի ուզում թանակացնի ուղևորավարձը, բայց ավտոմասերը թանկացել են 5-10 անգամ. «Ես պատերազմ եմ հայտարարում, ես էլ եմ ուզում 50 դրամ լինի, բայց հնարավոր չի դուրս գալ էդ վիճակից: Ես իմ սեփական մեքենաները վաճառել եմ, հիմա երթուղին էլ եմ վաճառում, գնամ, հնարավոր չի պահել: Գիտեք, թե մենք ուզում ենք ժողովուրդը կոտորվի՞»:

 «Գծատերը օլիգարխ չի, գնացեք մեր տուն, տեսեք օլիգարխի՞ տուն է, թե՞ հավաքարարի: Երևանի երթուղիների տերերը երևանցիներն են»,- հայտարարեց «Լյուդվիգ և որդի» ՍՊԸ տնօրեն և հիմնադիր Լյուդվիգ Պողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս