Բաժիններ՝

Դավիթ Սանասարյան. «Ինձ չթողեցին մասնակցել նիստին, քանի որ Տարոն Մարգարյանն ասել էր՝ ինձանից հետո մարդ չթողնեք ներս ու հետո ստիպում են փողկապ կապել»

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին այսօր արգելել են մասնակցել Երևանի քաղաքապետարանում անցկացվող և Տարոն Մարգարյանի հրավիրած կազմակերպչական-կառավարչական նիստին այն բանի համար, որ ավագանու անդամը 10 րոպե ուշացումով է ներկայացել Երևանի քաղաքապետարան:

«Կազմակերպչական-կառավարչական նիստ էր, այն «դիսպետչերսկի» կոչվածը: Մեքենաս ճանապարհին փչացել էր, ու ես ուշացել եմ տասը րոպե, և քաղաքապետարանի աշխատակիցը ասաց, որ չեմ կարող մտնել, քանի որ Տարոն Մարգարյանը հրահանգել է, որ իրանից հետո ոչ ոք չմտնի: Ես ասացի` փոխանցեք, որ էս իրա համար Բրեժնեւի ժամանակները չեն, ես իր աշխատողը չեմ, երբ որ ինձ հարմար է, ես այդ ժամին պիտի մտնեմ, լսեմ իմ ուզած հարցը ու դուրս գամ»:

Քաղաքապետարանի աշխատողը ներս չի մտել ու ոչինչ էլ չի զեկուցել, ենթարկվել է Տարոն Մարգարյանի հրահանգին, և  Դավիթ Սանասարյանն այդպես էլ դահլիճ չի մտել, նրան տուն են ուղարկել:

«Ես եկել էի, որ մասնակցեի ու հարցեր պիտի բարձրացնեի Երևան քաղաքին վերաբերող, չեմ հասկանում` ի՞նչ պրիմիտիվ վերաբերմունք է»:

Ըստ Դավիթ Սանասարյանի` քաղաքապետն ու աշխատակիցները մինչեւ հիմա չեն պատկերացնում, որ ավագանին քաղաքապետարանի աշխատող չէ եւ անգամ հագուստի հարցով են հրահանգներ տալիս:

«Աշխատակազմի ղեկավարը ավագանու անդամներին պարտադրում է, ասում է` փողկապ պիտի կապեք: Ես ասում եմ՝ այ մարդ, ձեր աշխատողը չեմ, ձեր թաղապետերին, վարչության պետերին ոնց ուզում եք հագցրեք-կապեք, ձեր գործն է, ես ավագանու անդամ եմ, որը ազատ է, ձեզանից աշխատավարձ չի ստանում եւ ձեր մեթոդներով չի շարժվում: Չեն հասկանում, քանի անգամ գնացել եմ, տեսել են, որ ես փողկապ չեմ կապում, իրենք նորից բոլորի ներկայությամբ ինձ բարձրաձայն ստիպում են, ես ասել եմ, որ ես չեմ կապում, կամ ավելի շուտ ոնց ուզում եմ կամ երբ ուզում եմ` կապում եմ, երբ ուզում եմ՝ չեմ կապում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս