
Երկրաշարժ Վրաստանում. Ցնցումները զգացվել են նաև Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում

Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.56-ին «ՍՊԾ»-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08.09-ին Վրաստանի Հանրապետության տարածքում` Թբիլիսի քաղաքից 102 կմ դեպի արևմուտք, Բեժտայի գյուղից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Մախաչկալա քաղաքից 159 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 42.170 և արևելյան երկայնության 45.89:
ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:
Տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱՃԿԿ ՕՀ-ներին, ըստ ստացված տեղեկատվության՝ զոհեր, տուժածներ և ավերվածություններ չկան: