Բաժիններ՝

Ճանապարհային «նորաձև նշան» Վանաձորում. զգուշացում վարորդներին (լուսանկարներ)

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում որոշ մարդկաց թեթև ձեռքով գնալով ավելանում են բաց դիտահորերը, ինչը լուրջ վտանգ է դառնում ինչպես հետիոտների, այնպես էլ ավտոմեքենաների վարորդների համար:

Դիտահորերի մետաղյա կափարիչների գողությունը Վանաձորում նոր չէ, այս մասին բազմիցս է բարձրաձայնվել թե լրագրողների, թե քաղաքացիների, թե անձամբ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից, ով և իրավապահ մարմիններին պարբերաբար զգուշացրել է առավել ուշադիր լինել և պատժել բոլոր մեղավորներին: Ու չնայած այս բոլոր զգուշացումներին, Վանաձորում որոշ մարդիկ պարզապես մի քանի հարյուր դրամի պատճառով գողանում են դրանք` ստեղծելով խիստ վթարային իրավիճակ: Վանաձորցիները, սակայն, հետաքրքիր լուծում են գտել. վարորդներին փոսի մասին զգուշացնելու համար մեծ ծառ են բերել ու դրել հենց բաց դիտահորի մեջ` կես կատակ կես լուրջ նշելով, որ սա նոր ճանապարհային նշան է, որը դեռևս օրենքում չի ամրապնդվել:

vanadzor3

vanadzor2

Այս լուսանկարներն արվել են մարզկենտրոնի Վարդանանց-Տերյան խաչմերուկում: Օրեր առաջ նման իրավիճակ էր նաև Բաղրամյան պողոտայում, այստեղ սակայն ծառը հանվել է, իսկ դիտահորը շարունակում է բաց մնալ: Զարմանալին այն է, որ նշված դիտահորը արդեն շուրջ մեկ ամիս բաց վիճակում է և այս ողջ ընթացքում պատկան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկել կափարիչը հայտնաբերելու կամ դիտահորը կրկին փակելու ուղղությամբ:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ    Լուսանկարները՝ հեղինակի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս