Հրաչյա Հարությունյանի հարազատներին մինչ օրս չի հաջողվել խոսել նրա հետ
Նոր Մոսկվայում կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները մինչ այժմ չեն կարողացել խոսել նրա հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ պարբերաբար կապ են հաստատում Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ և նրանցից են տեղեկատվություն ստանում: Լիլիթ Հարությունյանից հետաքրքվեցինք նաև՝ ի՞նչ վիճակում է Հրաչյա Հարությունյանի առողջությունը: «Ասում է, որ ամեն ինչ լավ է»,- ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը:
Խոսելով հոր հոգեվիճակի մասին՝ Լիլիթ Հարությունյանն ասաց, որ այժմ նրա վիճակն ավելի լավ է: «Պաշտպանն ասում է, որ համեմատած սկզբի օրերի` հիմա մի փոքր լավ է արդեն»,- ասաց Լիլիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մեջ: Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը տեղեկացրել էր, որ դատարանը որոշել է Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգել մինչև դեկտեմբերի 14-ը: