Ֆյուլեի պատասխանը «և՛-և՛»-ին. «Ո՛չ»

Սեպտեմբերի 3-ից հետո, երբ հայտնի դարձավ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին, իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները հայտարարում էին, թե Հայաստանը ցանկանում է, պատրաստ է, մտադիր է նոյեմբերին Վիլնյուսում ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Հայտարարում էին այնքան համառորեն ու այնքան ինքնամոռաց, որ նրանց չէին կանգնեցնում անգամ եվրոպացի պաշտոնյաների արձանագրումները, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը հնարավոր չէ: Ոմանց մոտ անգամ տպավորություն էր ստեղծվել, թե իշխանություններին հաջողվել է եվրոպացիներին ինչ-որ ձևով համոզել՝ Հայաստանի համար «բացառություն» անել և ստորագրել Ասոցացման համաձայանգիրը ու դա ներկայացնել որպես «և-և»-ի քաղաքականության փայլուն հաղթանակ:

Սակայն երեկ Երևանում Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: Հատկապես Ֆյուլեի կողմից նման հայտարարութունը կարևոր է ոչ միայն նրա զբաղեցրած պաշտոնը հաշվի առնելով, այլև այն պատճառով, որ մինչև երեկ՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին հայտարարող իշխանական գործիչները այդ հնարավորությունը բացառող կարծիքներին ի պատասխան ասում էին, թե Եվրամիությունը դեռևս պաշտոնապես դիրքորոշում չի արտահայտել այդ հարցի վերաբերյալ: Այնպես էին ասում՝ կարծես վստահ էին՝ Ֆյուլեն գալու է Երևան ու հայտարարի, որ Եվրամիությունը ցանկանում է ասոցացվել Հայաստանի հետ՝ անգամ Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալուց հետո:

Այսինքն՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Հայաստանը արտաքին աշխարհի առաջ հայտնվեց, մեղմ ասած, ծիծաղելի վիճակում՝ ԵՄ-ի հետ քառամյա բանակցություններից հետո որոշեց անդամակցել Մաքսային միությանը, ինչից հետո գրեթե բոլոր մակարդակներով հայտարարեց Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ցանկության մասին՝ արժանանալով Եվրոպայի մերժմանը: Հետաքրքիր է՝ այսքանից հետո ինչպե՞ս է դասավորվելու Շտեֆան Ֆյուլեի հետագա ճակատագիրը, քանի որ, ինչպես ԱԺ նախագահ, «հմուտ դիվանագետ» Հովիկ Աբրամայնանն էր նախօրեին հայտարարել` «Եթե Ֆյուլեն ասում է՝ չի ուզում, դա իր գործն է, բայց մենք ուզում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս