Ադրբեջանն իր «սև ցուցակում» ներառած օտարազգիներին առաջարկում է ներողություն խնդրել

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԼՂՀ այցելելու համար անցանկալի անձանց (persona non grata) ճանաչված և Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկված օտարազգիներին կարող են հանել այդ ցուցակից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը:

Վերջինիս խոսքերով՝ այդ անձանց համար Ադրբեջան այցելելու վրա դրված արգելքը կարող է վերացվել, եթե նրանք ներողություն խնդրեն: Ավելի վաղ Բաքվում չէին բացառել, որ կարող է վերանայվել «սև ցուցակը»: Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ ԼՂՀ այցելածներից շատերը չեն իմացել, որ «օրենք են խախտում», և որ նրանց «մոլորեցրել» են Հայաստանի ներկայացուցիչները:

Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ «սև ցուցակում» հայտնված անձանցից ոմանք արդեն իսկ դիմել են իրեն՝ խնդրելով իրենց հանել «սև ցուցակից»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն իր «սև ցուցակը» հրապարակել էր օգոստոսի սկզբին: Դրանում ընդգրկվել էր 335 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս