Բաժիններ՝

Ինչ հարցերով են դիմում մարզպետներին

Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի փոխանցմամբ` երեկ տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի՝ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ներկայացված 23 դիմումներից 13-ը եղել են դրամական օգնության խնդրանքով, որոնց մարզպետը տրամադրել է տարբեր չափի դրամական օգնություն: Ընդունելության եկած քաղաքացիներից 5-ը դիմել են աշխատանքի տեղավորման խնդրանքով: Եղել են քաղաքացիներ, ովքեր մարզպետին դիմել են նաև առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ու բնակարանի գրանցման խնդրով: Նույն աղբյուրի փոխանցմամբ` 1 քաղաքացի դիմել է նաև շինանութի խնդրանքով:

Նույնաբովանդկան դիմումներ են եղել նաև մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Իրենց մտահոգող խնդիրների վերաբերյալ մարզպետին դիմում ներկայացրած 40 քաղաքացիներից 18-ին մարզպետը տրամադրել է դրամական օգնություն: Այս անգամ ևս դիմումների բովանդակությունը սկսել է դրամական օգնությունից և ավարտվել բնակարանների, տանիքների և կոմունալ  կենցաղային պայմանների  բարելավմանն աջակցելու խնդրանքով:

Նմանօրինակ իրավիճակ է տիրում գրեթե բոլոր մարզերում, հատկապես այն տեղերում, որտեղ բնակիչները հավատում են, որ մարզետն իրենց խնդրանքը չի մերժի: Իսկ այն, որ բնակիչների մարզպետների հետ հանդիպումների մեծ մասը դրամական օգնության խնդրանք է, ևս մեկ անգամ փաստում է մարզի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի,  աղքատության մասին: Հակառակ դեպքում` նույն այդ համայնքի բնակիչը օրերով չէր սպասի մարզպետի հետ հանդիպմանն ու խնդրեր ընդամենը 25 հազար դրամ գումար…:

Հ.Գ. Երեկ Արագածոտնի մարզպետը ևս հանդիպում է ունեցել բնակչության հետ, այն կայացել է Թալինում, որին ներկա են եղել տարածաշրջանի բնակիչները: Այս դեպքում ևս դիմումատուների մեծ մասը՝ 32 դիմում, եղել է դրամական աջակցության խնդրանք:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս