
Դժբախտաբար ԱՄՆ-ն անտեսեց Իրանի զգուշացումը. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն անտեսել է Իրանի զգուշացումը՝ կապված նրա հետ, որ Սիրիայում գործող զինյալների խմբերի համար կարող է մատչելի լինել քիմիական վտանգավոր զենքը.
«Մենք ունենք ապացույցներ, և մենք կիսվել ենք դրանցով ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ, որ քիմիական վտանգավոր զենքը մաքսանենգ ճանապարհով հասնում է Սիրիայում գործող զինված խմբավորումներին, որոնք պայքար են մղում Սիրիայի ժողովրդի ու կառավարության դեմ:
Դժբախտաբար, ԱՄՆ-ը չարձագանքեց Իրանի զգուշացմանը: Մենք նրանց զգուշացրել ենք, որ Սիրիայում ոչ պետական կազմակերպությունների ձեռքում քիմիական զենքը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար»:
Զարիֆի խոսքերով՝ ԱՄՆ-ում ու նրա սահմաններից դուրս մի շարք անձինք ցանկանում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային գցեն ծուղակը՝ ներքաշելով պատերազմի մեջ, քանի որ նա կարող է չցանկանալ ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ: Զարիֆն ընդգծել է, որ Իրանը դատապարտում է քիմիական զենքի կիրառումը: