ՊՆ քննչական ծառայության պետ. Ինքնաշեն զենք դեպքի օրն ունեցել է Ավետիք Բուդաղյանը
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը մի քանի անգամ նշել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ ինքնաշեն զենք ունի, որն ապօրինի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը ապօրինի ինքնաշեն զենք չունի:
Նրա խոսքով՝ «Պ. Բերետտա» 455565 համարի ատրճանակը պատկանել է Սուրիկ Խաչատրյանին, այն դեպքի օրը չի օգտագործվել, նրա մոտ գտնվել է օրինական հիմքով.
«Առկա է քրեական գործի նյութերում Հայաստանի Հանրապետություն Ոստիկանապետի հրամանը՝ 2009-ի մարտի 22 զենք կրելու թույլտվույուն տալու մասին, և նշեմ, որ այդ հրազենը հայտնաբերվել է խուզարկության ժամանակ դեպքից հետո: Միայն ինքնաշեն լինելու հանգամանքը քրեական պատասխանատվության հիմք չի կարող հանդիսանալ: Հրազենը պետք է գտնվի տիրապետողի մոտ ապօրինի կերպով, որպեսզի արարքը որակվի Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով»:
Փոխարենը, նրա խոսքով, ինքնաշեն ապօրինի զենք է ունեցել հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանը: «Բերետտա» տեսակի ատրճանակը հայտնաբերվել է դեպքի վայրում: Արմեն Հարությունյանի խոսքով՝ դեռևս հունիսի 7-ին՝ դեպքից 7 օր անց, Էմիլ Բուդաղյանի կողմից տրված ցուցմունքի համաձայն՝ իր տեղեկություններով՝ դեպքի օրը երկու զենք է ունեցել, այդ թվում 1 «Բերետտա» տեսակի ատրճանակ: «Այն Ավետիքը մի քանի օր առաջ էր ձեռք բերել, ցանկություն է ունեցել օրինականացնել և նվիրել իրեն: Նշված հրազնեից դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված երկու պարկուճ»,- ասաց Արմեն Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ՝ կատարված դատաձգաբանական, դատաքիմիական և դատահեքաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ դեպքի վայրում գործածվել են երեք զենք՝ «ՄՌ 161 Կ» տեսակի հրացանը եղել է Տիգրան Խաչատրյանի մոտ, որից կրակվել է 5 գնդակ, «Բռաունինգ» տեակի ատրճանակաը եղել է Զարզանդ Նիկողոսյանի մոտ, որից կրակվել է 6 գնդակ, իսկ Ավետիք Բուդաղյանը կրակել է «Պ. Բերետտա» ատրճանակից 2 գնդակ: