
Տիգրան Սարգսյանը` Չինաստանում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը (լուսանկարներ)

Չինաստանի Դալիան Քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի բացման արարողությանը ներկա է եղել նաև աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախքան համաժողովի մեկնարկը՝ վարչապետ Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբին:
ՀՀ վարչապետն ու Կլաուս Շվաբը մտքեր են փոխանակել ներկայիս տնտեսական զարգացումների, համաշխարհային տնտեսության հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական կառուցվածքին, նախատեսվող ծրագրերին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին:
Համաժողովին, որին մասնակցում են աշխարհի մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կդիտարկվեն համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները, դրանցից բխող հնարավոր զարգացումներն ու հեռանկարները: