20-ամյա աղջիկը պատմում է՝ ինչու է ինքնասպանության երկու փորձ կատարել
20-ամյա Գոհար Մ.-ը մի քանի օրում ինքնասպանության երկու փորձ է կատարել: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պատճառը իր սիրելիի հետ վեճն է եղել: Աղջիկը ծնողներ չունի, տատիկի խնամքի տակ է մեծացել: Մի քանի ամիս առաջ սիրահարվել է, ցանկացել ամուսնանալ սիրած տղայի հետ, սակայն տատիկը չի համաձայնել: «Տատիկս ասաց, որ համաձայն չէ. դուրս եկա, զանգահարեցի իրեն, ասեցի՝ արի՛ հետևիցս, դրսում եմ, ասեց՝ ես քո վրա թքած ունեմ, մոռացի՛ր ինձ, ես քեզ չեմ սիրում, քո նման աղջիկ ինձ պետք չի: Արյունը տվեց գլխիս, սենց ասեմ, ոչ մի բանի մասին չէի մտածում…»,- պատմեց Գոհարը:
Նրա խոսքով՝ դրանից հետո ինքը նախ փորձել է իրեն նետել Երևանյան լիճը, բայց մի երիտասարդ խանգարել է իրեն, և փորձը չի հաջողվել: Մեկ օր անց խանութից ածելի է գնել և փորձել է դարձյալ ինքնասպան լինել: Նրան օգնության է հասել ոստիկաններից մեկը, օգնություն ցուցաբերել: Այժմ Գոհարը ապրում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների համար նախատեսված կացարանում. նա ու տատիկը մինչ այժմ չեն հաշտվել: Հիմնադրամի աշխատակիցները նշում են, որ արդեն 5 օր է՝ Գոհարն իրենց մոտ է բնակվում: Այս ընթացքում նրա մոտ փոփոխություններ են նկատել. Գոհարի դեմքին ժպիտ է հայտնվել:
Մանրամասները կարդացեք «168 ժամ» թերթի առաջիկա համարում: