Զդիսլավ Ռաչինսկի. Հայաստանը մի օր կմտնի ԵՄ

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Հայկական Ժամանակ»-ին տված հարցազրույցում ասել է.
«Երբ տանը վերանորոգում ենք անում, չենք ասում՝ ռուսական կամ ղազախական ստանդարտ, այլ ասում ենք` եվրոստանդարտ և հենց դա է ցույց տալիս` ուր է ամեն ինչ գնում»: Նա նաև կանխատեսել է, որ Մաքսային միությանը անդամակցելու որոշումը կազդի ՀՀ տնտեսությունում իրականացվող օտարերկրյա ներդրումների վրա։ «Հայաստանի մուտքը ՄՄ, չեմ կարծում որ արտասահմանյան ներդրողներին կգրագի, ես դրանում վստահ չեմ, հատկապես արևմտյան երկրների մասով,- ասել է Ռաչինսկին։

Ներկայացնում ենք հատված՝ հարցազրույցից:

Պարոն դեսպան, անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն, ինչը` չեմ սխալվի, եթե ասեմ, որ անակնկալ էր և՛ հայաստանցիների, և՛ մեր եվրոպացի գործընկերների համար։ Որպես ԵՄ անդամ պետության ներկայացուցիչ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նման որոշումը։

– Հայաստանը անկախ երկիր է և մենք հարգում ենք նրա կայացրած յուրաքանչյուր որոշում։ Մենք նաև հասկանում ենք, որ Հայաստանի վերջին որոշումը բխել է երկրում եղած արտաքին և ներքին մի շարք հանգաանքներից։ Հայաստանի իշխանությունները հաճախ էին շեշտում, որ Հայատանի համար նախընատրելի է միաժամանակ լինել Մաքսային միության և ԵՄ-ի Ասոցացված անդամ, բայց մենք հիշում ենք նաև մոտ մեկ ամիս առաջ արված ռուսական կողմի հստակ հայտարարությունը, ըստ որի՝ չի կարող լինել «և-և», այսինքն` կա՛մ դուք մտնում եք Մաքսային միություն, կա՛մ ասոցացվում եք ԵՄ-ի հետ։ Դա նոր, այսպես ասած, իրողություն ստեղծեց, ինչն էլ ես ենթադրում եմ` որոշիչ դարձավ Հայաստանի ընտրության հարցում։

Կարդացեք նաև

Եկեք իրերին ռեալ նայենք, հիմա մենք չենք խոսում մի ընտրության մասին, որը կսահմանի Հայաստանի տեղն առաջիկա դարերի ընթացքում, մենք ասում ենք, որ Հայաստանը միանում է եղած երկու շուկաներից մեկին։ Մի կողմից՝ ԵՄ-ն է, որն ունի 4 մլն քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ ապրում է մոտ կես միլիարդ մարդ, մյուս կողմից էլ` Ռուսաստանի առաջարկած միությունն է` 20 մլն քառակուսի կիլոմետր տարածքով, որտեղ ապրում է մոտ 170 մլն մարդ։

ԵՄ-ն, չնայած որ փոքր է տարածքով, բայց տալիս է 8 անգամ ավելի համախառն արտադրանք, քան մյուս կողմը։ ԵՄ-ն գործում է ավելի քան մի քանի տասնյակ տարի, այնտեղ կան որոշակի մեխանիզմներ որոշակի գործընթացների համար, իսկ Եվրասիական տնտեսական միությունը նոր-նոր է ստեղծվում։ Ես կարող եմ ենթադրել, որ Հայաստանի ղեկավարները որոշել են, որ ներկա դրությամբ Հայաստանը դեռ ի վիճակի չէ կատարել բոլոր գործընթացներն օրենքների հետ կապված, որոնք նա պետք է աներ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար։ Երբ մենք ասում ենք Ասոցացման համաձայնագիր, մենք հասկանում ենք երեք բաղկացուցիչ մասեր։

Առաջինը` ընդհանուր քաղաքական համագործակցության պայմանագիրն է, երկրորդ մասը` վիզային ռեժիմի դյուրացումն է, Հայաստանի դեպքում այս երկու կետերը դեռ ուժիի մեջ են մնում, դե իսկ երրորդ հինական մասը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն է։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համաձայնագիրը։ Դա նշանակում է, որ Հայաստանը և ԵՄ-ն հայտարարում են, որ 10 տարվա ընթացքում կկառուցեն ընդհանուր առևտրի գոտի, ինչն էլ Հայաստանի կողմից որոշակի ջանքեր է պահանջելու։ Փաստացի հիմ Հայաստանն ի վիճակի չէ նման քայլ կատարել դեպի ԵՄ և, ինչպես երևում է, որոշումը կայացվել է դա հաշվի առնելով։

Բայց մյուս կողմից էլ` ես հավատում եմ, որ Հայաստանի և ԵՄ-ի կողմից տարվող գործընթացները չեն դադարում, այլ ժամանակվորապես արգելակվում են` հաշվի առնելով եղած տնտեսական վիճակը։

Նշում ենք, որ Հայաստանը կայացրեց իր որոշումը` եղած հանգամանքներից ելնելով։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը ընտրություն չուներ և ցանկության դեպքում էլ չէր կարողանա ընտրել ԵՄի ուղղությունը։

– Քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, ընտրություն միշտ կա, և յուրաքանչյուր ընտրություն կապված է որակի ռիսկերի հետ։ Եկեք սպասենք և տեսնենք, թե Հայաստանի տնտեսությունում ինչ կկատարվի մոտակա մի քանի տարիներին։ Մենք գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-ն, բայց չգիտենք, թե ՄՄ-ն ինչ է ներառում։ Ներդրումները այս տարի Հայաստանում կտրուկ ընկել են, արտասահմանյան ներդրումները շուրջ 60 տոկոսով նվազել են կես տարվա ընթացքում։ Հայաստանի մուտքը ԵՄ չեմ կարծում, որ արտասահմանյան ներդրողներին կգրավի, ես դրանում վստահ չեմ, հատկապես արևմտյան երկրների մասով։ Ինչքան ինձ հայտնի է, Հայաստանում երկաթգիծը Ռուսաստանը ղեկավարում է 10 տարուց ավել, և այդ ընթացքում ես երկաթգծի արդիականացման հարցում որևէ առաջընթաց չեմ տեսել։ Մոտակա տարիները ցույց կտան, թե տնտեսական առումով ինչքան արդյունավետ կլինի այդ որոշումը։ Ռուսաստանի և Հայաստանի կապերը շատ պինդ են. դա առաջին հերթին արտահայտվում է 2,5 մլն հայերով, որոնք ապրում են ՌԴ-ում, որոնք իրենց փողերը ուղարկում եմ այստեղ, բայց մյուս կողմից` պետք է հասկանանք, որ ԵՄ-ն այլ ոչ թե Ռուսաստանն է համարվում Հայաստանի առաջի առաջնային գործընկերը։

Երբ տանը վերանորոգում ենք անում, չենք ասում ռուսական կամ ղազախական ստանդարտ, այլ ասում ենք` եվրոստանդարտ և հենց դա է ցույց տալիս` ուր է ամեն ինչ գնում։ Ինչպիսին էլ լինի պատմության վերջնական դատավճիռը, կգա ժամանակ, որ Հայաստանը կլինի եվրոպական երկրների ընտանիքում, ես դրանում չեմ կասկածում, ուղղակի դա ժամանակի հարց է։ Եթե ինձ 1981 թվականին ասեին, որ իմ երկիրը 25 տարի անց կլինի ԵՄ անդամ, ապա եմ կմտածեի` դիմացինս ուղեղի հետ խնդիրներ ունի։ Սակայն ԵՄ-ն շարունակում է համագործակցել Հայաստանի հետ, իսկ իմ երկիրը` Լեհաստանը շարունակում է մնալ Հայաստանի բարեկամն ու գործընկերը։

Երկխոսությունը շարունակվում է, և հիմա քանի որ Հայաստանը չի ասոցացվելու ԵՄ-ի հետ, պետք է գտնել նոր բանաձև։ Պարզ է, որ մի քանի ծրագրեր կկրճատվեն, քանի որ կա սկզբունք` «ավելին, ավելիի դիմաց», այսինքն` ինչքան երկիրը մոտ է ԵՄ-ին, այնքան շատ է ստանում, իսկ հիմա ՀՀ-ում ԵՄ գործընթացները որոշակիորեն արգելակվում են։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ՀԺ-ի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս