Տաթևի գյուղապետը խնդրում է գյուղից հանել չգործող բիոզուգարանը
Զբոսաշրջությանը զարկ տալու նպատակով Հայաստանի զբոսաշրջային մի քանի վայրերում պետբյուջեի միջոցներով տեղադրված 17000 դոլար արժողությամբ բիոզուգարաններից Տաթևի վանական համալիրում տեղադրվածը արդեն քանի ամիս է չի գործում, ինչի մասին գյուղում մի քանի վարկած ունեն, հաղորդում է tert.am -ը։
Բիոզուգարանի, որի վրա վաղուց արդեն փակցված է «Չի աշխատում» ցուցանակը, չաշխատելու մասին գյուղացիներից յուրաքանչյուրն իր «առասպելը» ներկայացրեց: Տաթևի բնակչուհի Դոնարան ասաց, որ դա մի քանի մարտունեցի կանանց մեղքով է եղել:
«Մարտունիից պատահական կանայք էին, հինգ հոգով մտել էին զուգարան, իբր թե մենք կամպյուտորին խաբեցինք, 100 դրամով հինգ հոգով մտանք զուգարան, էն էլ կոմպյուտորը չի հասցրել գործողությունը ավարտի, փչացել է»,- People in need կազմակերպության նախաձեռնած լրագրողական շրջայցի շրջանակներում Տաթև այցելած մի խումբ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ընդամենը մի քանի օր աշխատած զուգարանից տեղացիներն օգտվել են հետաքրքրությունից ելնելով, զբոսաշրջիկները՝ անհրաժեշտությունից: Մինչդեռ տեղադրման օրվանից սկսած դրա մասին հարցերը Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանին հասցրել են նրան, որ վերջինս խնդրանքով հանդես եկավ. «Ես չգիտեմ, թե դա ինչու չի աշխատում, բայց խնդրում եմ համապատասխան մարդկանց էդ բիոզուգարանը էստեղից հանեն, որ այլևս ինձ հարցեր չտան դրա մասին, չեմ կարում պատասխանել»:
Գյուղապետն ասաց, որ ինքն անձամբ տեղյակ է եղել, որ ուզում են նման բան տեղադրել գյուղում, բայց ինքը դրա մասին պատկերացում չուներ, չէր հասկանում, որ նման բան կլինի՝ զուգարանն այդքան կարճ կաշխատի:
Թե ինչ կաներ գյուղապետն այդ գումարով, Մուրադ Սիմոնյանը պատասխանեց.«Էդ գումարով առաջնահերթ պրոբլեմներ շատ ունենք, շուկան կկառուցեինք, համայնքում խարխուլ ջրագիծ ունենք, կոյուղագիծ, կուլտուրայի տունը, շատ խնդիրներ ունենք, շատ»:
Տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում: