
«Գյումրիի քաղաքապետարանի շենքը անճաշակ խայտառակություն է». Սաշուր Քալաշյան

Գյումրիի քաղաքապետարանը օրեր առաջ հանրային քննարկման դրեց քաղաքի կենտրոնական հրապարակի արծաթափայլ եղևնիները հատելու հարցը, տեղեկացնում է galatv.am-ը: Արդյունքում հասարակական կարծիքները հաշվի առնելով՝ որոշվեց չհատել կամ չտեղափոխել ծառերը: Այս որոշմանը դեմ է Գյումրի քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, թեև հենց իր օրոք են տնկվել ծառերը քաղաքի կենտրոնական հրապարակում առանց իր կարծիքը հարցնելու:
«Եղևնին մայթի ծառ չէ, ոչ մի մասնագիտական գրականության մեջ չկա, որ եղևնին տնկեն մայթին, որովհետև այն ծածկում է շենքերը, դա վարագույր է: Դրանք տնկվեցին քաղաքային կոմիտեի քարտուղարի ցուցմունքով՝ օրինակ վերցնելով Կարմիր հրապարակի պատի տակի եղևնիները: Ես այն ժամանակ միջամտեցի, բայց դե ես զորություն չունեի, իմ բացատրությունը չհասկացան»,- նշեց Սաշուր Քալաշյանը, ով նաև Գյումրիի քաղաքապետարանի նոր շենքը քաղաքի համար ամոթ ու խայտառակություն է համարում: Նշում է, որ մինչ կառուցելը հարցը նախարարությունում քննարկել են, որից հետո հանձնաժողովը որոշում է կայացրել, որ շենքը պետք է վերականգնվի նույն տեսքով: Նախկին շենքը կոնստրուկտիվիզմի վաղ շրջանի հուշարձան էր և արդեն ընկալվել էր որպես պատմական հուշարձան: Բայց նույնությամբ չի վերականգնվել:
«Դրանք պատմությունն են էդ քաղաքի՝ լավ թե վատ, ես անձամբ գտնում եմ, որ քաղաքապետարանի էսօրվա շենքը անճաշակ խայտառակություն է, էդպիսի ճարտարապետություն չի լինում, էն էլ 21-րդ դարում, դա ամոթ է»,- մտահոգություն հայտնեց ճարտարապետը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: