Աղվան Հովսեփյանը կվերընտրվի
Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման 6 տարին: Հենց այդքան ժամանակով էր խորհրդարանը 2007թ. նրան ընտրել այդ պաշտոնում: Սեպտեմբերի 13-ից հետո, Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ԱԺ ներկայացնի նոր գլխավոր դատախազի թեկնածությունը և ամենայն հավանականությամբ` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը տեղի ունենալիք ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ տեղի կունենա ՀՀ նոր գլխավոր դատախազի ընտրությունը:
Վերջին մի քանի ամիսներին շրջանառվում էին գլխավոր դատախազի մի շարք հավակնորդների անուններ: Ամենագլխավոր հավակնորդը համարվում էր զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, խոսվում էր նաև ՀՔԾ նորանշանակ ղեկավար Վահրամ Շահինյանի մասին: Հավակնորդների թվում նշվում էին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և փոխոստիկանապետ, ոստիկանության քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանի անունները:
Սակայն այս բոլոր թեկնածուների հույսերը ի դերև են լինելու, քանի որ մեր տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ-ին կրկին առաջադրելու է Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Սահմանադրության նույն 103-րդ հոդվածով միևնույն անձը կարող է երկու անգամ ընտրվել գլխավոր դատախազ: