Էմիլ Բուդաղյանը «պետական հանցագործություն» է որակում կատարվածը
Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «պետական հանցագործություն» որակեց Խաչատրյանի և Նիկողոսյանի ազատ արձակումը. «Որովհետև իրենց էդպես է ձեռք տալիս, հանցագործ աշխարհին ի՞նչ պիտի ասես»,- ասել է նա։
Էմիլ Բուդաղյանը հիշեցրել է՝ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին խնդրելով, որ «գործը արդար քննեն ու ով մեղավոր է, պատժեն»: «Բայց պատասխան չստացա, ավելի ճիշտ՝ պատասխանը եղան էս ազատ արձակումները»,- դառնացած իր խոսքը ավարտել է Բուդաղյանը:
Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայ Ալումյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ նշելով, թե դա կանի որոշումը պաշտոնապես ստանալուց հետո միայն: Ալումյանը, սակայն, ընդգծեց՝ իր և Բուդաղյանների համոզմունքն է՝ առնվազն Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը պետք է մեղավոր ճանաչվեն սպանության հատկանիշներով և դատապարտվեն: Բացի այդ, ըստ Ալումյանի, դեռևս կարիք կա պարզելու՝ արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եղե՞լ է Բուդաղյանների ուղղությամբ կրակողների մեջ, թե՞ ոչ:
«Իսկ անկախ ամեն ինչից արդեն այսօր քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածներով հիմքեր կան Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու»,- եզրափակել է Հայկ Ալումյանը:
Մինչդեռ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ քննչական մարմինը գործել է օրենքին համապատասխան և քրեական գործում առկա ապացույցների հիման վրա. «Սա նշանակում է, որ արդարացի որոշում են կայացրել, և բոլոր այն վայնասունները, վայրահաչումները, որ գրված էին մամուլում, հատկապես մի քանի ժուռնալիստների կողմից, որոնք ոչինչ չէին ուզում տեսնել, բացի մի բանից՝ պատժել Սուրիկ Խաչատրյանին, թող գնան և մոմ վառեն, որ էս պետությունում վերջապես արդարադատություն կա»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: