Ստեփան Սաֆարյան. «Սուրեն Խաչատրյանը սկզբում հարձակվում է մարդկանց վրա, հետո` պաշտպանվում»
«Սա ուղղակի նշանակում է, որ Սուրեն Խաչատրյանը բարձր մակարդակով լուծել է իր հարազատների խնդիրները և պատիժ չի կրելու»,- 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի` Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ ՊՆ քննչական վարչության որոշման մասին լուրը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշված է. « ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»:
Ըստ Ստեփան Սաֆարյանի` այժմ ակնհայտ է, որ մեղքը բարդվելու է Արտակ Բուդաղյանի վրա, ում նկատմամբ գործ է հարուցվել սույն գործով: Հիշեցնենք, որ հասարակական լայն հնչեղություն ստացած միջադեպի ժամանակ սպանվեց Արտակ Բուդաղյանի եղբայրը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը:
Ստեփան Սաֆարյանը վերոնշյալ որոշումը միանշանակ կերպով քաղաքական է համարում:
«Այդտեղ իրավական ոչինչ չկա: Ուրիշ որևէ մեկի տան մոտ նման բան պատահեր` ամբողջ տնով-տեղով կնստացնեին, իսկ Սուրեն Խաչատրյանը, պարզվում է, պաշտպանվել է, ինքը սկզբում հարձակվում է մարդկանց վրա, հետո` պաշտպանվում»,- ասաց Սաֆարյանը:
«Սա նշանակում է, որ օրենքն ուղղակի խտրական է կիրառվում, այսինքն` կան մարդիկ, ովքեր ուղղակի ոչ մի պատասխանատվություն չեն կրում օրենքի առջև, իրենք օրենքից բարձր են, և Սուրեն Խաչատրյանն այդ մարդկանցից է: Հենց առաջին օրվանից, երբ զինդատախազն, ըստ էության, գնահատական տվեց միջադեպին, ակնհայտ էր, որ նախաքննությունն այդ գծով էլ շարժվելու է: Իսկ այդ գիծը ենթադրում էր, որ ինչ-որ ժամանակ հետո Ս. Խաչատրյանի որդին և թիկնապահը պետք է ազատ արձակվեն, որովհետև զինվորական դատախազը նույնպես խոսում էր «անմեղ ու խեղճ Սուրեն Խաչատրյանի տան վրա զինված հարձակման մասին»»,- ավելացրեց Ստեփան Սաֆարյանը: